Ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի հավաքի մասնակիցները Դատախազության շենքի մոտ են

Ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի հավաքի մասնակիցները Դատախազության շենքի մոտ են

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից անհապաղ ազատ արձակելու պահանջով Հանրապետության հրապարակում հավաքի մասնակիցները երթով շարժվեցին մի քանի մետր հեռավորության վրա գտնվող Գլխավոր դատախազության շենք։ Նրանք այստեղ հայտարարություն են ընթերցեցին։

Կազմակերպիչներից Արմեն Մինասյանը նշեց՝ լսել են, որ դատախազության աշխատակիցներն աշխատում են օրը 24 ժամ, հույս հայտնեց աշխատանքի վայրում մարդ գտնել։

Ոստիկանության աշխատակիցները հորդորեցին, պետք է մայթերով քայլել՝ երթևեկությանը չխանգարելու, խցանում չառաջացնելու համար։

«Դուք մեր ակցիային խանգարում եք, սահմանափակում եք մեր տեղաշարժի իրավունքը, ինչը կոնվենցիայի խախտում է»,- նկատեցին Արմեն Մինասյանն ու Աղվան Պողոսյանը։

Ի վերջո, բանակցություններից հետո հավաքի մասնակիցների մեծ մասն առաջ շարժվեցին մայթերով։

«Մեր պահանջն է՝ ազատություն Ռոբերտ Քոչարյանին։ Եթե մարդ պետք է ձերբակալվի, ապա դրա մեջ օրենք պետք է լինի։ Տեսեք, եթե նա դատախազ է, տիրապետում է օրենքներին, ինչպես կարող է ազատության մեջ թողնել մի մարդու, որ գաղտնալսման մեջ է մեղադրվում։ Բա քո ռիսկը ո՞ւր է։ Մեր պահանջն է՝ ազատություն Ռոբերտ Քոչարյանին, թավշյա հեղափոխության առաջին քաղբանտարկյալին։ Կոտրվելու է վախի մթնոլորտը։ Մարդիկ վախենում են, լացում են, ասում են՝ չենք կարող գալ, հարևանների դատաստանին կարժանանան»,-Դատախազության շենքի դիմաց հայտարարեց Արմեն Մինասյանը։

Նա նաև հայտարարեց, որ մամուլի հայտարարություններն օրինական ուժ չունեն, դրանք դատական որոշումներ չեն։

«Մարտի 1-ի պատասխանատուները տանը նստած ազատություն են վայելում։ Պատմության անիվն այսպես չի մնա։ Ժամանակը շատ մեծ բժիշկ է, լավ իմացեք»,– ասաց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում