Թուրքիայի խորհրդարանում պատգամավորները վիճել և քաշքշել են միմյանց

Թուրքիայի խորհրդարանում պատգամավորները վիճել և քաշքշել են միմյանց

 

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Մեջլիսում վիճաբանություն է տեղի ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) և ընդդիմադիր «Լավ» կուսակցության ներկայացուցիչների միջև: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Վիճաբանությանը մասնակցել են նաև ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական և Ժողովրդահանրապետական կուսակցությունների մի քանի ներկայացուցիչներ:

Վիճաբանության պատճառը եղել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Մեհմեդ Մուշի ընդդիմությանն ուղղված մեղադրանքը: Մուշը ընդդիմադիրներին մեղադրել է Թուրքիայում ահաբեկչական հռչակված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (ՔԱԿ) oժանդակելու մեջ:

Մուշը մեղադրանքները, մասնավորապես, ուղղել է «Լավ» կուսակցության նախագահ Մերալ Աքշեներին և Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին:

Վիճաբանության ժամանակ կողմերը քաշքշել են միմյանց, և Մեջլիսի նախագահը ստիպված է եղել դադարեցնել նիստը:

Վիճաբանությունը շարունակվել է նաև ժամեր անց վերսկսված նիստի ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում