Վիգեն Չալդրանյանը թատրոնի տնօրենի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

Վիգեն Չալդրանյանը թատրոնի տնօրենի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանն այսօր Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ հանդիպումից հետո զբաղեցրած պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Ազատման մասին տեղեկությունը Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց նախարարի խորհրդական Րաֆֆի Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ արդեն 12 օր է՝ թատրոնի դերասանները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով Վիգեն Չալդրանյանի հրաժարականը: Մինչ այդ, վերջինս համատեղության կարգով զբաղեցնում էր նաև գեղարվեստական ղեկավարի հաստիքը, սակայն դերասանների պահանջով նոյեմբերի 28-ին հրաժարականի դիմում ներկայացրեց, ու արդեն թափուր մնացած այդ պաշտոնում նշանակեց ռեժիսոր Սուրեն Շահվերդյանին, ով ևս գրկաբաց չընդունվեց թատրոնի արտիստների կողմից:

Ներկայումս Համազգային թատրոնում թափուր են և՛ տնօրենի, և՛ գեղարվեստական ղեկավարի պաշտոնները: Թատերախումբն ունի իր թեկնածուները՝ գեղարվեստական ղեկավար՝ Նարինե Գրիգորյան, տնօրեն՝ Արման Նավասարդյան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում