Նկարիչ Գաբրիել Գյուրջյանի հոբելյանը նշանավորվեց նրա ստեղծագործությունների հետահայաց ցուցահանդեսով

Նկարիչ Գաբրիել Գյուրջյանի հոբելյանը նշանավորվեց նրա ստեղծագործությունների հետահայաց ցուցահանդեսով

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդային ժամանակների հայ կերպարվեստի սկզբնավորողներից մեծանուն նկարիչ Գաբրիել Գյուրջյանի ծննդյան 125-ամյակին նվիրված հետահայաց ցուցահանդեսում ընդգրկված է Ազգային պատկերասրահում, Երևանի պատմության թանգարանում, ինչպես նաև ընտանիքի և մասնավոր հավաքածուներում պահվող շուրջ 100 ստեղծագործություն։ Ներկայացված են Գյուրջյանի ծննդավայր Արդվինի և Հայաստանի գողտրիկ անկյունների պատկերներ՝ Սևանա լիճը և կղզին՝ առափնյա ժայռերով ու եկեղեցիներով, Բջնին, Ապարանը, Գորիսը, Եղեգնաձորը, Լոռին, Գյումրին, հին և նոր Երևանը, ինչպես նաև պատմամշակութային հուշարձաններով բնանկարներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցահանդեսը բացվեց դեկտեմբերի 21-ին Հայաստանի ազգային պատկերասրահում: Այն կգործի մինչև փետրվարի 15-ը:

«Գյուրջյանը միշտ խուսափել է անհատական ցուցահանդեսներ կազմակերպելուց, և սա մեծ վարպետի ստեղծագործական աշխարհը ներկայացնող անդրանիկ ցուցահանդեսն է: Գյուրջյանն այն արվեստագետներից է, որի մասին հայ արվեստի պատմության գրքերում անդրադարձ եղել է: Սակայն նա իր կենդանության օրոք արժանացել է միայն մի փոքրիկ արվեստաբանական գիրք ունենալու երջանկությանը, այնուհետև հրատարակվել է մեկ-երկու բուկլետ»,-ասաց ցուցահանդեսի համադրող Քնարիկ Ավետիսյանը:

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը տեղի ունեցավ նաև նկարչի լավագույն գործերն ընդգրկող պատկերագրքի շնորհանդեսը:

Քնարիկ Ավետիսյանը նշեց, որ Գյուրջյանի ստեղծագործական ժառանգությանը վերաբերող նյութերը շատ չեն, ուստի, ժամանակն էր հրապարակել ընդգրկուն մի մեծ պատկերագիրք, որում ներկայացված են նկարչի բազմազան ու հետաքրքիր աշխատանքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում