Մանվել Գրիգորյանի քրեական մեղադրանքը փլուզվում է, կա հանձնարարություն՝ քաղհայցերով դիմելու դատարաններ. պաշտպան

Մանվել Գրիգորյանի քրեական մեղադրանքը փլուզվում է, կա հանձնարարություն՝ քաղհայցերով դիմելու դատարաններ. պաշտպան

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amՎերաքննիչ դատարանն առաջիկա աշխատանքային օրերի ընթացքում կքննի Գլխավոր դատախազության բողոքի միջնորդությունը Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գեներալ-լեյտենանտ, Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը` պարզաբանելով, որ կոնկրետ օր դեռ նշանակված չէ, բայց, հաշվի առնելով դատավոր Արսեն Նիկողոսյանի միտումը դեպի մեղադրանքի կողմը որոշումներ կայացնելու մասով, նաև դատախազի հորդորը, ենթադրվում է, որ մոտ օրերս կիրազեկվեն նիստի նշանակման մասին:

«Դատավորը մեկ օրվա ընթացքում դատախազության բողոքը վարույթ էր ընդունել, ցանկություն է ունեցել նիստ անցկացնելու անցած տարվա վերջին աշխատանքին օրը, բայց կապվել էր մի փաստաբանի հետ, որը միջնորդության հետ կապ չի ունեցել, հետևաբար մեզ հետ չեն կարողացել կապ հաստատել և օր չի նշանակվել: Ըստ էության, դատավորը ջանասիրություն դրսևորել է և ցանկացել է մեկ օրում նիստ անցկացնել, որը նախկինում չէր արվել, նույն դատավորը բազմաթիվ միջնորդություններ է ստացել, բայց մեկ օրում մեր միջնորդությունները չի անցկացրել»,-շեշտեց նա:

Անդրադառնալով հարցին, թե ինչ նորություն կա գեներալ Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը տարածքների նվիրաբերության գործընթացից՝ Արսեն Մկրտչյանն ասաց, որ այս պահին այդ մասով նոր տեղեկության չեն կարող հայտնել, պիտի լինի կառավարության որոշում գույքն ընդունելու համաձայնության մասին: Նա հիշեցրեց, որ խոսքը վերաբերում է Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության 329 հեկտար տարածքին, որի արժեքը գնահատվում է 5 մլրդ-ից ավել:

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հայտարարել էր, որ տարբեր մարզերում կա նաև Մանվել Գրիգորյանին պատկանող 40 հողատարածք, որոնց ձեռքբերման մրցույթների հետ կապված խնդրահարույց հարցեր կան, դրանք պարզելուց հետո նույնպես կորոշվի դրանց հետագա ճակատագիրը։

Արսեն Մկրտչյանը, անդրադառնալով այս հայտարարությանը, ասաց, որ գույքերը օրինական են ձեռք բերվել, համապատասխան ներդրում է արվել, վճարվել է գույքահարկ, բոլոր փաստաթղթերը կան, պարզապես ցանկություն ունեն վնասելու, քաղհայցերով ավելորդ աղմուկ բարձրացնելու:

«Դե հիմա գիտեք, կարգերը փոխվել են, պրակտիկայում կա ՀՔԾ-ի պետը հանձնարություն է տալիս տարածքայինին, որ էն գույքերը, որոնք ձեռք են բերվել մրցույթով, գործընթացը դնեն կասկածի տակ և քաղաքացիաիրավական դաշտում վիճարկել:

Ասեմ, որ դա հիացմունքով չի ընդունվել տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կողմից, բայց հանձնարարություն է տրվել նման հայցերով մտնել, նույնիսկ բյուջեից գումարներ հայթայթել, որ փաստաբան վարձեն այդ գործերով: Ճիշտն ասած, նորմալ պայմաններում դա անել հնարավոր չէ, որովհետև նորմալ իրավահամակարգի պայմաններում սեփականության իրավունքը Սահմանադրությամբ պաշտպանվող իրավունք է, մարդը տասնյակ տարիներ շարունակ, օրինակ, տիրապետում է գույքին: Ավելորդ ինչ-որ կծմթելու ձև է, գործին ուշադրություն դարձնելու համար, քանի որ քրեական մեղադրանքը փուլ է գալիս, զազրելի յուրացում հասկացությունը մեր դատարաններում ենթադրում եմ, որ ապագա չի ունենա: Պարզապես փորձ է կատարվում վարկաբեկող, կծող գործողություն անել»:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը հունիսի 19-ին կալանավորվել էր: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Դեկտեմբերի 21-ի ուշ երեկոյան Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել Մանվել Գրիգորյանին, դատախազությունը բողոքարկել է վերաքննիչ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում