Գարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել նաև դատախազությունը

Գարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել նաև դատախազությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահականից հետո քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» HDP կուսակցությունից մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել նաև Դիարբեքիր քաղաքի դատախազությունը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

Դատախազությունը միջնորդությունը ներկայացրել է Փայլանի դեմ Թուրքիայի օրենսգրքի 301 հոդվածով (հոդվածը թուրք ժողովրդի և Թուրքիա պետության, պետական մարմինների հասցեին վիրավորանք հնչեցնելու համար պատիժ է նախատեսում) սկսված հետաքննության շրջանակում:

Փայլանի նկատմամբ հետաքննությունը սկսíել է նրա արած հայտարարությունից հետո, որում պատգամավորն ասել էր. «Դիարբեքիրի ամեն անկյունում կարելի է զրահատեխնիկա ու ջրցան մեքենաներ տեսնել, ինչը հիշեցնում է Հիտլերի ու Մուսոլինիի ժամանակաշրջանը»:

Իշխանությունների կողմից պատգամավորի հայտարարությունը դիտարկվել է որպես վիրավորանք թուրքական իշխանությունների և պետության հասցեին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում