Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդություն է ներկայացրել՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին

Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդություն է ներկայացրել՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը միջնորդություն է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է տարածել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը:

«Ի տարբերություն Հատուկ քննչական ծառայության գործելաոճի, այն է՝ ներկայացնել միակողմանի և խիստ սահմանափակ տեղեկատվություն, որը հնարավորություն չի տալիս անկողմնակալ դիտորդի մոտ ընդհանուր պատկեր ձևավորել Ռոբերտ Քոչարյանին առնչվող գործի վերաբերյալ, պաշտպանական խումբն այսուհետև հանրությանը պարբերաբար կիրազեկի ինչպես արդեն ներկայացված, այնպես էլ ներկայացվելիք միջնորդությունների և բողոքների բովանդակության, դրանց ընթացքի և պատասխանների մասին այնքանով, որքանով դրանք չեն պարունակի նախաքննական գաղտնիք»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հունվարի 9-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից ՀՔԾ քննիչին ներկայացվել է միջնորդություն՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ հաշվի առնելով, որ չի կարող կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում