Ինչպես տեղի կունենա նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը

Ինչպես տեղի կունենա նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Դեկտեմբերի 9-ին հանրապետությունում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանն իր աշխատանքները կսկսի հունվարի 14-ին՝ երկուշաբթի օրը, ժամը 10:00-ին:

Առաջին նստաշրջանի նիստի բացումը «ԱԺ կանոնակարգ օրենքի» համաձայն՝ կանի տարիքով ավագ պատգամավորը, ով կվարի նիստը, մինչև ԱԺ նախագահի ընտրվելը: Նախորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը վարել էր ԱԺ-ում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներից Կնյազ Հասանովը (քուրդ համայնքի ներկայացուցիչ): Այս խորհրդարանում ևս Հասանովը տարիքով ավագ պատգամավորն է՝ 74 տարեկան: Նշենք, որ տարիքով ամենաերիտասարդ պատգամավորը «Իմ քայլը» դաշինքից Սոնա Ղազարյանն է՝ 25 տարեկան:

Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Ողջույնի ելույթներից հետո պատգամավորները կերդվեն, ԿԸՀ արձանագրության հիման վրա պաշտոնապես կհայտարարվի Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թիվը:

Այնուհետև նիստը նախագահողը կհայտարարի առաջին նստաշրջանի օրակարգը` հաշվիչ հանձնախմբի ստեղծում, ԱԺ նախագահի, երեք տեղակալների ընտրություն, կառավարության առաջարկությամբ` կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում և այլն:

ԱԺ նախագահն առաջին նստաշրջանի նիստում հանդես կգա խմբակցությունների և մշտական հանձնաժողովների, ինչպես նաև Խորհրդի կազմավորման վերաբերյալ հայտարարությամբ:

Առաջին նստաշրջանը կավարտվի Ազգային ժողովի նախագահի եզրափակիչ ելույթով և հերթական նստաշրջանի գումարման օրվա մասին հայտարարությամբ:

Նորընտիր Ազգային ժողովը, հիշեցնենք, կունենա 132 պատգամավոր: ԱԺ նախագահի պաշտոնում «Իմ քայլը» դաշինքն առաջադրել է Արարատ Միրզոյանի թեկնածությունը, ով մինչ այս զբաղեցնում էր առաջին փոխվարչապետի պաշտոնը, խորհրդարանական մյուս խմբակցություններ ԲՀԿ-ն և Լուսավոր Հայաստանը թեկնածուներ չեն առաջադրել, փոխնախագահների պաշտոնում «Իմ քայլն» առաջադրել է Լենա Նազարյանին (նախկինում «Ելք» խմբակցության ղեկավար) և Ալեն Սիմոնյանին, ԲՀԿ թեկնածուն՝ Վահե Էնֆիաջյանն է (նախկինում «Ծառուկյան դաշինք» խմբակցության քարտուղար), ԼՀԿ թեկնածուն՝ Մանե Թանդիլյանը (Սոցապ նախկին նախարար):

Խորհրդարանական խմբակցություններն արդեն հայտարարել են խմբակցությունների ղեկավարների և քարտուղարների անունները. «Իմ քայլը» խմբակցությունը կղեկավարի Լիլիթ Մակունցը (նախկինում մշակույթի նախարար), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ քարտուղարի պաշտոնում առաջադրելու է Արման Աբովյանի թեկնածությունը (մինչ մանդատ ստանձնելը ԲՀԿ ավագանու անդամ էր), խմբակցության ղեկավարի մասով հայտարարություն չի եղել: Մինչ այս խմբակցությունն Աժ-ում գլխավորել է ԲՀԿ առաջանորդ Գագիկ Ծառուկյանը, ով այս խորհրդարանում ևս պատգամավորի մանդատ է ստացել: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կղեկավարի ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը, քարտուղարը կլինի Գևորգ Գորգիսյանը (նախորդ գումարման ԱԺ-ում «Ելք» խմբակցության քարտուղար):

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը նախկին 9-ի փոխարեն կդառնա 11: Մամուլի հրապարակումների համաձայն՝ նոր հանձնաժողովներից մեկը կլինի ԵԱՏՄ հարցերով մշտական հանձնաժողովը, որը կնախագահի ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը, ով նախորդ խորհրդարանում հանդես էր գալիս, որպես ընդդիմադիր ուժի փոխխոսնակ:

Ինչ վերաբերում է կառավարության կառուցվածքին և վարչապետի ընտրությանը, ապա «Կառավարության կառուցվածքի ու գերծունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին նախագծով առաջարկվում է կրճատել նախարարությունների թիվը՝ 17-ից հասցնելով 12-ի: 7-րդ գումարման խորհրդարանը վարչապետ չի ընտրելու՝ Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ նախագահը խորհրդարանի ձևավորումից անմիջապես հետո անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին, իսկ կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո 15-օրյա ժամկետում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում