Մյուս անգամ, որ խոսում եմ, խնդրում եմ չմիջամտել, եղա՞վ. Բանավեճ Էդմոն Մարուքյանի ու Սասուն Միքայելյանի միջև (Տեսանյութ)

Մյուս անգամ, որ խոսում եմ, խնդրում եմ չմիջամտել, եղա՞վ. Բանավեճ Էդմոն Մարուքյանի ու Սասուն Միքայելյանի միջև (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Այսօր Ազգային ժողովում ԱԺ 3-րդ փոխնախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ բանավեճ տեղի ունեցավ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի միջև:

Էդմոն Մարուքյանը, պատասխանելով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանի դիտարկմանը, հայտարարեց, որ իր ղեկավարած խմբակցությունը ԲՀԿ-ի հետ «կռիվ» չունի: Նրա խոսքով, իրենց «կռիվը» մեծամասնության հետ է:

«Մենք չենք վիճարկում, որ ԲՀԿ-ն Ազգային ժողովի երկրորդ քաղաքական ուժն է: Դա փաստ է: Մենք վիճարկում ենք այն, թե արդյոք ԱԺ 3րդ փոխնախագահը պետք է լինի՞ ԲՀԿ-ից, թե՞ ԼՀԿ-ից: Մենք ասում ենք՝ մենք ենք այդ տեղի հավակնորդը, որովհետև մեր փոխխոսնակը որպես ընդդիմադիր, կլինի ավելի լավը: Որևէ անձնական բան չկա, մենք ձեր հետ կռիվ չունենք, որովհետև դուք չեք որոշելու, լինի՞ տիկին Թանդիլյանը փոխնախագահ, թե՞ ոչ: Մեր կռիվը իրանց հետ է, իրանք պետք է պատասխան տան»,- դիմելով Աբովյանին, ասաց Մարուքյանն՝ ակնարկելով խորհրդարանական մեծամասնությանը:

Մարուքյանի «իրանք» արտահայտությունը, այսինքն՝ դիմելաձևը քաղաքական մեծամասնությանը, թերևս դուր չեկավ Սասուն Միքայելյանին, և պատգամավորը տեղից որոշ ռեպլիկներ արեց, սակայն քանի որ նա բարձրախոսով չէր, լսելի չէր՝ ինչ ասաց:

«Բան ունե՞ք ասելու, պարո՛ն Միքայելյան»,- Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց տեղում անհնագիստ նստած Սասուն Միքայելյանից:

Վերջինին հետաքրքրում էր, թե ու՞մ նկատի ունի «իրանք» ասելով: Մարուքյանն ի պատասխան ասաց՝ «քաղաքական մեծամասնությանը»:

«Պարո՛ն Միքայելյան, եթե ուզում եք, գրանցվեք, ելույթ ունեցեք, խնդրում եմ, տեղից մյուս անգամ իմ ելույթի ժամանակ չմիջամտեք, եղա՞վ: Դուք բանախոսի հետ բանավեճի մեջ եք մտել, ինձ լավ ճանաչում եք, ես էլ ձեզ»,- արձագանքեց Մարուքյանը:

Նշենք, որ ԱԺ 3-րդ փոխնախագահի պաշտոնում ԲՀԿ-ն առաջադրել է Վահե Էնֆիաջյանի, իսկ ԼՀԿ-ն՝ Մանե Թանդիլյանի թեկնածությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում