Վիճաբանություն ԱԺ-ում. ԲՀԿ-ականը հունից հանեց Մարուքյանին

Վիճաբանություն ԱԺ-ում. ԲՀԿ-ականը հունից հանեց Մարուքյանին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Քիչ առաջ խորհրդարանում միջադեպ գրանցվեց։ Վիճաբանություն ծագեց ԱԺ ամբիոնից ելույթ ունեցող պատգամավոր Արման Աբովյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև։

Աբովյանը ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանին հարց ուղղեց՝ ի՞նչն է վերջինիս ստիպում ԱԺ ամբիոնից Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի հասցեին շարունակական զրպարտություն տարածել։

«Այն թեզերը, որ Դուք հնչեցրել եք, ինֆորմացինոն դաշտում հայտնվել են ադրբեջանական կողմից։ Ի՞նչն է Ձեզ ստիպում նեոաադրբեջանական թեզեր առաջ մղել։ Այստեղ եղած բոլոր արտահայտությունները, որոնք եղան Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի հասցեին, բացառապես, սուտ էին և արտացոլում էին ադրբեջանական տեսակետը։ Ո՞ւմ ջրաղացին եք ջուր լցնում»,– հարց ուղղեց նա։

Աբովյանի հարցադրումները և Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավորների՝ մասնավորապես Հրանտ Մադաթյանի կողմից հնչող գնահատականները հունից հանեցին ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, ով տեղից վեր կացավ և վիճաբանելով գնաց վերջիններիս կողմը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներից ոմանք՝ այդ թվում՝ Նաիրա Զոհրաբյանը, Գևորգ Պետրոսյանը և Էդուարդ Բաբայանը միջամտեցին, որպեսզի լեզվակռիվը ծեծկռտուքի չվերածվի։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր հերթին հորդորեց պատգամավորներին չխանգարել նիստը և հարաբերություններ պարզել դահլիճից դուրս։

Հետևեք մեզ նաև Telegram-ում