Առաջարկում եմ զերծ մնալ երևակայական կամ կեղծ տեղեկությունների տարածումից. Արա Սաղաթելյան

Առաջարկում եմ զերծ մնալ երևակայական կամ կեղծ տեղեկությունների տարածումից. Արա Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: «Առաջարկում եմ զերծ մնալ լրագրողների վստահությունը չարաշահելուց և կեղծ տեղեկություններ տարածելուց»,-Tert.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը՝ մեկնաբանելով մամուլում հրապարակված լուրը, թե ԱԺ-ում 2018թ.-ին արված տնտեսումներն ինչ-որ կերպ կապված են այդ միջոցները շռայլելու անհնարինության հետ:

«Թեմայի շուրջ հասարակությանը մոլորեցնելու և ինչ-որ առումով հենց լրատվամիջոցների ներկայացուցիչների վստահությունը չարաշահելու միտումը ես նկատել եմ ավելի վաղ՝ դեռևս լրատվամիջոցների ներկայացուցիչների համար Ամանորի առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ ինձ ուղղված հարցերի ենթատեքստից, որոնց տվեցի սպառիչ պատասխան:

Նորից եմ կրկնում, Ազգային ժողովում տնտեսումները 2017-2018թթ.-ի ընթացքում պայմանավորված են բացառապես աշխատակազմի ազնիվ և արդյունավետ աշխատանքով: Նույն վառելիքի օրինակի վրա պետք է նշեմ, որ 2017թ.-ին արդեն տնտեսել էինք շուրջ 50 տոննա բենզին, որը փոխանցվել է 2018թ.: Իսկ 2018թ.-ին մոտ 40 տոննա պակաս ենք գնել, միաժամանակ կրճատել ենք ԱԺ հաշվեկշռում գտնվող 14 մեքենա:

Արդյունքում 2018թ.-ի ավարտին ունեցել ենք ավելի քան 110 տոննա տնտեսում: Նման հաշվարկ գոյություն ունի յուրաքանչյուր տնտեսման հետ կապված»,-մանրամասնել է Սաղաթելյանը:

Նա հավելել է, որ ԱԺ նյութական միջոցների տնտեսումները և վերաբաշխումներն արտացոլվում են հաշվապահական փաստաթղթերում ամբողջ տարվա ընթացքում, ներկայացվում են պարբերական հաշվետվությունների մեջ և ներկայացվում են այդ թվում՝ Ֆինանսների նախարարություն: Նշված ընթացակարգը պահպանվել է և՛ 2017թ.-ին, և՛ 2018թ-ին: Սաղաթելյանը նաև նշել է, որ բոլոր ծախսերը կատարվել են գործող նորմերի և կարգերի համաձայն:

Հիշեցնենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, թե 2018 թվականին ԱԺ տնտեսումները որևէ տեղ ամրագրված չեն եղել և, իբր, խնայված միջոցների մասին ստիպված են հայտարարել, քանի որ հեղափոխությունից հետո այդ միջոցները չեն կարողացել շռայլել կամ թաքցնել:

Ավելի վաղ հրապարակմանն անդրադարձել ու այն ամբողջությամբ անհեթեթ էր որակել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում