Ռուսաստանը չի մասնակցի Վարշավայում Մերձավոր Արեւելքի շուրջ կազմակերպվող հանդիպմանը

Ռուսաստանը չի մասնակցի Վարշավայում Մերձավոր Արեւելքի շուրջ կազմակերպվող հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ներկայացուցիչները չեն ժամանի Լեհաստանի եւ ԱՄՆ-ի կողմից փետրվարի 13-14-ին Վարշավայում կազմակերպվող նախարարական հանդիպմանը՝ նվիրված Մերձավոր Արեւելքին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչը հայտնել Է հունվարի 21-ին Rzeczpospolita թերթում հրապարակված հարցազրույցում:

«Ռուսաստանը տեղեկացրել է, որ չի մասնակցելու խորհրդաժողովին, այն էլ նախքան դրա ծրագրին ծանոթանալը: Դա ցույց է տալիս, որ այդ խորհրդաժողովը Ռուսաստանի շահերին չի համապատասխանում: Ափսոս, որովհետեւ Ռուսաստանը կարեւոր դեր է խաղում Մերձավոր Արեւելքում»,– հրատարակությունը մեջբերում է նախարարի խոսքը:

Հունվարի 11-ին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պլանավորում է փետրվարի 13-14-ին Լեհաստանում անցկացնել բարձր մակարդակի միջազգային հանդիպում՝ մշակելու Մերձավոր Արեւելքի իրադրության կայունացման մեխանիզմներ եւ, մասնավորապես, քննարկելու տարածաշրջանում Իրանի ազդեցությունը սահմանափակելու հարցը, որը Պետդեպարտամենտի ղեկավարը բնութագրել է որպես ապակայունացնող: Լեհաստանի ԱԳ նախարարությունը հաստատել է այդ պլանները,- հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում