Արտախորհրդարանական ընդդիմությունը կարող է ուժեղանալ ու ազդել պրոցեսների վրա. Տիգրան Քոչարյան

Արտախորհրդարանական ընդդիմությունը կարող է ուժեղանալ ու ազդել պրոցեսների վրա. Տիգրան Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: «Ադրբեջանում որոշ պրոցեսներ են ընթանում, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել։ Այդ երկրում կատարվում են բաներ, որոնք այստեղ որոշ մարդիկ շատ մեծ ոգևորվածությամբ են ընդունում, ինչը շատ սխալ է։ Շատերը չգիտեն, բայց ադրբեջանական ընդդիմությունն ավելի հայատյաց է և ավելի կտրուկ դիրքորոշում ունի Արցախի հիմնահարցի լուծման առնչությամբ, քան իշխանությունը»,– այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը:

«Որպես վառ օրինակ՝ կարող եմ բերել Աբուլֆազ Էլչիբեյին, բոլորը մտածում էին, որ նա դեմոկրատ էր, մինչդեռ նա ամենահայատյաց գործիչներից էր։ Նույն բանը կարելի է ասել հայտնի Հադիջա Իսմայիլովայի մասին, որն Ադրբեջանի դեմոկրատիայի փարոսներից մեկն է համարվում։ Նրա նման հայատյաց անձնավորություն այլ տեղ դժվար է գտնել։ Նույնը վերաբերում է նաև Արիֆ և Լեյլա Յունուսներին, վերջինը ադրբեջանական բանակի գնդապետ է եղել տեղեկատվական գծով, նա հայատյացության տարածման մեծ ջատագով է եղել»,- նշեց բանախոսը։

Անդրադառնալով ներքաղաքական թեմաներին, մասնավորապես նորընտիր խորհրդարանին՝ Տիգրան Քոչարյանը նշեց, որ ինչպեսև կանխատեսվում էր, Նիկոլ Փաշինյանը իր հետ քայլածների մի մասին տարել-տեղավորել է Երևանի ավագանիում, մի մասին՝ խորհրդարանում՝ փորձելով այս կարպ վարձահատույց լինել նրանց կատարած աշխատանքի համար։

«Իմ քայլը» դաշինքում, իմ կարծիքով, կա տասը-տասնհինգ պրոֆեսիոնալ մարդ, իսկ մնացածը քայլած ընկեր, բարեկամ, խնամի, աներձագ, մանկության ընկերներ են։ Մի կողմից լավ է, որ նրանք հայտնվեցին խորհրդարանում, ոչ թե կառավարությունում, որովհետև տեսանք, թե որոշ մարդկանց աշխատանքը գործադիրում ինչպես ձախողվեց։

Մեդիա փորձագետը հիշեցրեց, որ ժամանակին ՔՊ-ն ասում էր, որ խորհրդարանում ինքն իրեն ընդդիմություն է լինելու, սակայն այդպես էլ ինքն իրեն ընդդիմություն չդարձավ, ինչի վառ վկայությունն այն է, որ բավարար քաղաքական կամք չունեցավ՝ Մանե Թանդիլյանին ընտրելու ԱԺ փոխնախագահ։

Անդրադառնալով ՀՀ արտաքին գերատեսչության գործունեությանը, բանախոսը ոլորտը չպատկերացնող խորհրդարանականներին՝ մասնավորապես ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահին, խորհուրդ տվեց հեռու մնալ ոլորտի շուրջ դատողություններից՝ նշելով, որ հեռուստաբանավեճերի ժամանակ նա ցույց տվեց իր սնանկությունը ոլորտային հարցերի նկատմամբ։

«Ճիշտ կլինի՝ նրանք արտաքին քաղաքականության մեջ չխառնվեն և գոնե ԱԳՆ-ի ցուցումներին հետևեն։ Մենք ունենք հանձնաժողովներ, որտեղ մարդիկ զբաղեցրել են նախագահի պաշտոնը զուտ այն բանաի համար, որ մոտիկ են Նիկոլ Փաշինյանի հետ»,- ասաց Քոչարյանը։

Բանախոսը շեշտեց՝ կա կադրային սով, և փոքր սայթաքումները բազմաթիվ են։

Որպես ասվածի ապացույց՝ նա հիշեց ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայտարարությունն Իրանի մասով. «Պարզ է, որ դա վրիպակ չէր, պարզ է, որ նա այդպես էլ մտածում է։ Մարդիկ պետք է հասկանան, որ ֆեյսբուքում չեն, այլ ԱԺ-ում, և այն, ինչ ներվում է ֆեյսբուքում, չի ներվում Ազգային ժողովի ամբիոնում։ Նրան պետք չէ թողնել, որ մոտենա արտաքին օրակարգին»։

Վերջում նա չբացառեց, որ կադրային սովի պատճառով կառավարությունում հայտնվեն սփյուռքահայ մասնագետներ, մարդիկ, որոնք թաթախված չեն կոռուպցիոն պատմությունների մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում