Լոռիում անտառի հրդեհը մեկուսացվել է

Լոռիում անտառի հրդեհը մեկուսացվել է

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Այսօր առավոտյան՝ ժամը 08:00-ին Լոռիում անտառի հրդեհի վայր է մեկնել Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Ժամը 09:30-ի դրությամբ հրդեհը մեկուսացվել է: Հայտնեցին ԱԻ նախարարությունից։

Կեսգիշերին մոտ բնապահպանության նախարարությունից տեղեկացրել էին, որ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է հատուկ կահավորմամբ հրշեջ գնացք։

Ժամը 23:15-ի տեղեկություններով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու մարզի անտառտնտեսությունում բռնկված հրդեհի շիջման աշխատանքներին ներգրավվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող հատուկ կահավորմամբ հրշեջ գնացքը, որի միջոցով արդեն հանգցվել է հրդեհի մոտ 70 տոկոսը։ Ընթանում են առանձին օջախների վերջնական հանգցման աշխատանքներ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 19 հրշեջ-փրկարար, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության 15 աշխատակից, «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության 5 աշխատակից և Վահագնաձոր գյուղի բնակիչներ:

Դեպքի վայրում են եղել Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը և Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ ժամը 18:40-ի սահմաններում Երկաթգծի էլեկտրական լարերի կարճ միացումից առաջացած կայծից հրդեհ է բռնկվել Բնապահպանության նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու անտառտնտեսությունում։

Անտառտնտեսության աշխատակիցները հրդեհն արձանագրել են Վահագնուտ համայնքին կից երկաթգծի Շահալի կայանի հարկից անտառում։ Հրդեհն ընդգրկել է 5-6 հեկտար տարածք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում