Էդուարդ Շարմազանով.«Ուզում ես խաղաղություն՝ պատրաստ եղիր պատերազմի»

Էդուարդ Շարմազանով.«Ուզում ես խաղաղություն՝ պատրաստ եղիր պատերազմի»

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook: Մինչ Հայաստանի իշխանությունները հասարակությանը պատրաստում են խաղաղության և համոզում, թե խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է, Ադրբեջանի նախագահը հանդես է եկել հերթական ապակառուցողական, հակահայկական, հայտարարությամբ:

Ալիևը նշել է, թե այսօր Ադրբեջանի դիրքերը բանակցություններում բավականին ամուր են, ինչպես նաև խնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, և դրա համար նրանք կօգտագործեն բոլոր գործիքները , այդ թվում՝ ուժայինը:

Հայաստանում իշխանափոխությունից հետո էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը արդեն որերորդ անգամ ռազմատենչ հռետորաբանություն է կիրառում, չնայած վարչապետ Փաշինյանի՝ Ալիեւին ուղղված կոմպլիմենտներին:

Հայկական կողմը համապատասխան դիրքորոշում որդեգրելու փոխարեն «ջայլամային քաղաքականություն» է վարում՝ գործնականում հրաժարվելով Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի օրակարգերից:

Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները ի ցույց են դնում նրա ՝ խաղաղության պատրաստ չլինելու հանգամանքը:

Խաղաղություն չեն մուրում, այն պետք է պարտադրել և հասնել Արցախի անկախության միջազգային ճանաչման:

Այլ տարբերակ չի կարող քննարկվել, քանի որ «քաղաքական մուրացկանին տալիս են ոչ թե անկախ հայրենիք, այլ անկելանոց»:

Խաղաղության հասնելու լավագույն ճանապարհը ազգային միասնական հասարակության, հզոր բանակի, ուժեղ ազգային եկեղեցու առկայությունն է:

Հ.Գ. ՛՛Qui desiderat pacem, praeparet bellum՛՛- Ուզում ես խաղաղություն, պատրաստ եղիր պատերազմի:

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Հետևեք մեզ նաև Telegram-ում