ՌԴ ԱԳ փոխնախարարը ողջունում է Փաշինյանի ու Ալիևի հանդիպումների պարբերականությունը

ՌԴ ԱԳ փոխնախարարը ողջունում է Փաշինյանի ու Ալիևի հանդիպումների պարբերականությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ զրույցում ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջև վերջին շրջանում հանդիպումների պարբերականությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունվարի 30-ին Հայ-ռուսական համալսարանում լրագրողների հետ զրույցում ասաց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Կարասինը:

«Մենք հանդիպման ընթացքում, իհարկե, անդրադարձ ենք կատարել Լեռնային Ղարաբաղի թեմային: Ողջունել ենք Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները, և ցանկություն ենք հայտնել, որպեսզի այդ հանդիպումները շարունակական լինեն: Այս ուղղությամբ աշխատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակը (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա): Առջևում նոր հանդիպումներ են, այդ հանդիպումները տեղի կունենան տարբեր մակարդակներով՝ և ԱԳ նախարարների, և պետությունների ղեկավարների, բայց կարևոր է, որ դրանք լավ պատրաստված լինեն, որպեսզի առաջխաղացում ապահովեն»,- ասաց Կարասինը:

ՌԴ փոխարտգործնախարարը նշեց, որ այս հարցում կարևորը կանխատեսելիությունն ապահովելն է:

«Մենք գոհունակությամբ նշում ենք, որ վերջին ամիսներին այդ հանգստությունը ու համեմատաբար կանխատեսելիությունը դարձել է սովորական: Այս հարցում միջազգային հանրության ու բոլոր երկրների մոտ կա կոնսենսուս. միանշանակ է` պետք է բացառվեն հակամարտության կարգավորման ուժային սցենարները: Իսկ բանակցությունները պետք է տեղի ունենան հանգիստ, փոխադարձ հարգանքի պայմաններում»,– նշեց նա:

Գրիգորի Կարասինը բացառեց, որ այս տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում զգալի առաջընթաց կլինի:

«Բոլորս կցանկանայինք, որպեսզի այս խնդրի կարգավորումը հնարավորինս արագ լիներ, բայց պետք է լինել իրատես, և հիմնվել այն բանակցությունների վրա, որոնք տեղի են ունենում երկու երկրների միջև, միջազգային հանրության և առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ»,– ասաց Կարասինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում