Իշխանափոխությունից հետո կառավարությունը որևէ լուրջ տնտեսական ծրագիր չձեռնարկեց և դա իր արտացոլումը գտավ 2019թ. բյուջեի նախագծում. տնտեսագետ

Իշխանափոխությունից հետո կառավարությունը որևէ լուրջ տնտեսական ծրագիր չձեռնարկեց և դա իր արտացոլումը գտավ 2019թ. բյուջեի նախագծում. տնտեսագետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: 2018 թվականին արձանագրված 5,8 տնտեսական աճն, ըստ ԵՊՀ Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի, նորմալ ցուցանիշ է։

«2018 թվականը տնտեսական առումով բավական բարդ տարի էր։ Պետք է ամրագրենք, որ երկրում տեղի ունեցած իշխանափոխությունը տնտեսության մեջ մի քանի ամիս վակուում առաջացրեց», – Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետը։

Նրա խոսքով՝ տնտեսվարող սուբյեկտների համար տնտեսական խաղի կանոնների անորոշություն կար, դրանով պայմանավորված ամսական տվյալներում, մասնավորապես՝ օգոստոս, սեպտեմբեր ամիսներին, տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում գրանցվեց։

«5 տոկոսից մի փոքր ավելի տնտեսական ակտիվության ցուցանիշը օրինաչափ կարելի է համարել, թեև այն չէ, ինչ սպասում էինք», – նշեց Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է իշխանությունների խոստացած թռիչքաձև աճին, Կառլեն Խաչատրյանն ասաց, թե իրականում մի քանի ամսում թռիչքաձև աճ ապահովելը, եթե ոչ անհնար, ապա՝ շատ բարդ է։ Բացի դրանից, ըստ տնտեսագետի, թռիչքաձև աճն ապահովելու համար որոշակի նախադրյալներ են պետք։

«Պետք է ընդունենք, որ 2018 թվականին իշխանափոխությունից հետո կառավարությունը որևէ լուրջ տնտեսական ծրագիր չձեռնարկեց, առավելապես ուշադրության կենտրոնում քաղաքական խնդիրներն էին, արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը, կոռուպցիայի դեմ պայքարը և այլն։ Տնտեսական ծրագիր, տնտեսությունն աշխուժացնելու միտված լուրջ քայլեր չեղան, և դա նաև իր արտացոլումը գտավ 2019 թվականի բյուջեի նախագծում։ Եթե 2019 թվականի պետբյուջեի տվյալները համեմատում ենք 2018 թվականի պետբյուջեի հետ, որևէ արմատական փոփոխություն չենք տեսնում», – ասաց Խաչատրյանը։

Սպառողական գներն, ըստ ԱՎԾ հրապարակման, աճել են 2,5 տոկոս, սա, ըստ տնտեսագետի, թեև որոշ սոցիալական խնդիրներ է առաջացնում, բայց նորմալ է.
«Պետք է ֆիքսենք, որ սպառողական գների 2, 3, նույնիսկ 4 տոկոս աճը պետք է օրինաչափ համարել։ Այլ խնդիր է, որ դրան զուգահեռ բնակչության եկամուտները չեն աճում։ Հետևաբար նույնիսկ 2.5 տոկոս գնաճը սոցիալական որոշակի խնդիրներ է առաջացնում տնտեսությունում։ Թեև գնաճային երևույթների կանխման պատասխանատուն Կենտրոնական բանկն է, բայց եթե գլոբալ դիտարկենք, ապա պետական տնտեսական քաղաքականությունը պետք է ոչ թե միտված լինի գնաճը բացառելուն կամ սպառողական ապրանքների գների թանկացումը թույլ չտալուն, այլ նրան, որ հասարակության եկամուտներն ավելի մեծ չափերով աճեն, քան սպառողական ապրանքներն են աճում»։

Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ոլորտում արձանագրված 7.7 տոկոս անկմանը, տնտեսագետն ասաց, թե այստեղ խնդիրներն սկսել էին ի հայտ գալ ջրամատակարարման հետ։

«Ջրառը մի փոքր ուշ տեղի ունեցավ։ Ես դրա մասնագետը չեմ, բայց մասնագետների գնահատականները հենց դա են հուշում, որ Սևանից ջրառը մի փոքր ուշ տեղի ունեցավ, ինչը թույլ չտվեց, որպեսզի ոռոգման համակարգը բավարար արդյունավետությամբ աշխատի»։

2019 թվականին մինչև 5 տոկոս տնտեսական աճ, Կառլեն Խաչատրյանի գնահատմամբ, ամենայն հավանականությամբ, կլինի։

«Բայց եթե առկա ծրագրերը ոչ շրջադարձային լինեն և տնտեսական համակարգում կտրուկ փոփոխություններ չունենանք, այդուհանդերձ 4-5 տոկոս տնտեսական աճ կլինի։ Դրա մասին են վկայում Համաշխարհային բանկի կանխատեսումները 2019-ի համար, դրանից մի փոքր էլ բարձր դրված է պետական բյուջեի հիմքում։ Այս թվերն իրատեսական են, սակայն հասարակության սպասելիքներն ու ակնկալիքներն ավելին են։ 4-5 տոկոսանոց տնտեսական աճն, անշուշտ, լավ է, բայց դա հասարակության կենսամակարդակում կտրուկ փոփոխություններ չի կարող ավելացնել, իսկ իշխանափոխությունից հետո հասարակությունն ավելի լավ կյանքի ակնկալիքներ ունի։ Հետևաբար, որպեսզի այդ ակնկալիքներն իրականան, կառավարությունը պետք է ավելի ագրեսիվ տնտեսական քաղաքականություն իրականացնի, հատկապես բիզնես միջավայրի բարելավմանը միտված քայլեր իրականացնելով», – եզրափակեց Կառլեն Խաչատրյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում