Ֆեյքնյուզի դեմ պայքարի Ֆեյք օրակարգ

Ֆեյքնյուզի դեմ պայքարի Ֆեյք օրակարգ

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am:  Հայաստանում իշխանափոխությունից հետո, հատկապես դեկտեմբերին կայացած ընտրություններին հաջորդած շրջանում, երբ քաղաքական ու քաղաքացիական դաշտն ամայության մեջ է, մամուլը մնացել է միակ ինստիտուտը, որը քննական մոտեցում է ցուցաբերում իշխանությունների վարքագծին և իրեն բնորոշ ձևերով ու ոճով լուսաբանում է նրանց գործունեությունը, այդ թվում նաև ձախողումները:

Ժանրի կանոնների համաձայն՝ ի պատասխան այս իրողության հեղափոխական իշխանությունը փորձում է մամուլի վրա դնել պատասխանատվություն, որից ժամանակին ինքն է խուսափել: Նախ վարչապետն ինքը գրառում կատարեց ու իրավիճակը փաստացի բացատրեց «այս և այսօրինակ լրատվամիջոցները կոնտրոլի տակ չառնելու» հանգամանքով: Այնուհետև վարչապետ Փաշինյանը քաղաքացու հետ զրույցում բացահայտեց նախկին իշխանությունների ու ներկա լրատվական դաշտի նույնականությունը:

Հավանաբար հենց սրանով էլ ստարտ տրվեց ապատեղեկատվության ու ֆեյքնյուզի դեմ պայքարին, որին գնալով ավելի ու ավելի մեծ թվով «իմքայլականներ» են միանում: Ոմանք, նույնիսկ անհրաժեշտ համարեցին պատժել ապատեղեկատվությունը: Շահագրգիռ կողմերի հակազդեցությունից հետո մյուսները փորձեցին ստեղծված իրավիճակից անկորուստ դուրս գալու էֆֆեկտիվ գործիքներ առաջարկել: Դաշտ նետվեց կեղծ օրակարգ տարածող ռեսուրսներին անտեսելու գաղափարը, որը զարգացավ և վերածվեց լրատվամիջոցներին արհամարելու կոչի: Բնական է, որ այս ամենը փաթեթավորվում է «կեղծ օրակարգի», «ֆեյք նյուզի», «ապատեղեկատվության» դեմ պայքարի ներքո:

Անշուշտ ոլորտում խնդիրներ կան, և նույնիսկ զարգացած հասարակություններում այսօր խիստ հրատապ են տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրները, որոնցից մեկն էլ կեղծ լուրերի շրջանառումն է: Խնդիրը սա չէ: Բայց իրեն ժողովրդավարական հռչակած ոչ մի հասարակություն կամ վարչակարգ չի հանդգնում այդ պայքարը ծավալել սահմանափակումների կամ պատիժների միջոցով:

Ի վերջո որևէ մեկը չունի իրավունք որոշելու՝ ինչն է տեղեկատվություն, ինչը՝ ապատեղեկատվություն: Ցանկացած փաստ ճիշտ կամ սխալ կարող է համարվել որոշակի կոնտեքստում, և նույնիսկ պետությունն իրավունք չունի որոշելու՝ ինչն է սխալ, ինչը՝ ճիշտ:

Ինչ վերաբերում է ընթացիկ տեղեկատվական փոխանակումներին, որոնք այս կամ այն կերպ ազդում են հասարակական և քաղաքական գործընթացների վրա, ապա, այո, դրանք հաճախ ներգրավված սուբյեկտների համար ստեղծում են անցանկալի, երբեմն տհաճ իրավիճակներ ու զգացումներ: Հաղորդակցության ընթացքում, այո, լինում է ապատեղեկատվություն, փաստի նենգափոխում ու մեկնաբանություն, շահերի սպասարկում:

Շատ հաճախ լրագրողներն ու լրատվամիջոցները դա անում են գիտակցված, երբեմն էլ, պարզապես, ի կատարումն իրենց առաքելության: Այս ամենը հանրային պայքարի գործիքներ են (խաղի կանոններ են), որոնք հին են մարդկության չափ, ու արդյունավետ օգտագործվում են նաև այսօր իշխանության եկած գործիչների կողմից: Ու ամենևին էլ կարիք չկա կառավարման անարդյունավետությունն ու կադրային սխալները քողարկել մամուլին լռեցնելով կամ արհամարելով: Եթե կան խնդիրներ անձի պատվի, արժանապատվության հետ կապված, հոգ չէ, գործիքները կան. մեր նորընտիր պատգամավորները կարող են իրավական ընթացակարգերով պատիվ պահանջել ու ստիպել, որպեսզի մամուլն ավելի պատասխանատու դառնա: Բայց ոչ սահմանափակել, կամ՝ անտեսելու կոչ անել, կամ անտեսել:

Նույնիսկ ֆեյքնյուզը նման գործողության հիմնավորում չի կարող լինել: Այսօր ոչ մի լրատվամիջոց չունի Աստվածաշնչի չափ լսարան: Իսկ դա մի աղբյուր է, որտեղից տեղեկանում ենք, որ նախամայր Եվան տարօրինակ երկխոսության է բռնվում օձի հետ, իսկ Մովսեսն իսրայելցիներին անցկացնում է ծովով: Ժամանակակից աթեիստի համար սրանք ֆեյքնյուզ են, բայց դա բարոյական իրավունք չի տալիս նրանց՝ մյուսներին հորդորել անտեսել Աստվածաշունչը: Իսկ թեիստներն էլ չպետք է պարտադրեն մեզ, որպեսզի հավատանք նկարագրվածի ճշմարտացիությանը: Պարզ պատճառով՝ նման պարտադրանքի վերջը միշտ ինկվիզիցիան է:

Հեղինակ՝ Արմեն ՄԻՆԱՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում