ՆԱՏՕ-ին Մակեդոնիայի անդամակցությունը Սթոլտենբերգը ազդանշան է համարել Վրաստանի համար

ՆԱՏՕ-ին Մակեդոնիայի անդամակցությունը Սթոլտենբերգը ազդանշան է համարել Վրաստանի համար

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: ՆԱՏՕ-ին Մակեդոնիայի անդամակցությունը ցույց է տալիս, որ դաշինքի դռները բաց են, և այն կշարունակի Վրաստանին աջակցել այդ ճանապարհին, այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Սթոլտենբերգը՝ Սկոպիեի հետ արձանագրության ստորագրման արարողությունից հետո։

Մակեդոնիան և դաշինքի անդամ 29 երկրների ներկայացուցիչները չորեքշաբթի Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում արձանագրություն են ստորագրել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության անդամակցության վերաբերյալ: Լրագրողները Ստոլտենբերգին հարցրել են, թե այս իրադարձությունն ի՞նչ է նշանակում Վրաստանի անդամակցության հեռանկարների տեսանկյունից:

«Դա ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում այն երկրների համար, որոնք համապատասխանում են ՆԱՏՕ-ի ստանդարտներին, որոնք ՆԱՏՕ-ի արժեքների կրողներն են»,- ասել է Սթոլտենբերգը լրագրողների հետ ճեպազրույցում:

Նրա խոսքով՝ դաշինքը «շատ է ոգևորված այն բանից, ինչ տեսնում է Վրաստանում, այն է՝ հանձնառությունը բարեփոխումներին և պաշտպանության ու անվտանգության ինստիտուտներն ուժեղացնելուն», նաև ողջունում է անցյալ տարվա հուլիսի գագաթնաժողովում ղեկավարների կողմից պարզորոշ արտահայտված հանձնառությունը Վրաստանի անդամակցության հեռանկարներին:

«Մենք խորացրել ենք Վրաստանի հետ համագործակցությունը: Այսպիսով, մենք կշարունակենք Վրաստանին աջակցել ՆԱՏՕ-ին անդամակցելու տանող նրա ճանապարհին»,– ասել է Սթոլտենբերգը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում