Երևանում բնակարանային գողություններն ավելացել են 81.6 տոկոսով

Երևանում բնակարանային գողություններն ավելացել են 81.6 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: 2018թ. ընթացքում Երևան քաղաքում գրանցվել է հանցագործության 11344 դեպք, նախորդող տարվա 10324-ի դիմաց: Դեպքերը, փաստացի աճել են 1020-ով, կամ 8.9%-ով: Գրանցված հանցագործության դեպքերի թվաքանակի աճը պայմանավորվել է միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների աճով: Նման տվյալներ է ներկայացրել Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանն Երևան քաղաքի դատախազությունում խորհրդակցության ժամանակ։

Ըստ նրա, 2018թ. ընթացքում Երևան քաղաքում արձանագրվել է սպանության 12 դեպք՝ նախորդ տարվանից մեկով պակաս: Այս հանցատեսակի բացահայտման ցուցանիշը բարելավվել է՝ նախորդող տարվա 80%-ի դիմաց կազմելով 85.7%:

91-ով կամ 19.8%-ով նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (368-459), 3-ով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը՝ (86-89): 10.7%-ով կամ 3-ով նվազել են ավազակության դեպքերը (25-28):

Նախորդ տարվա համար մտահոգիչ աճ է արձանագրվել մայրաքաղաքում բնակարանային գողության դեպքերի մասով: Արձանագրվել է 801 նմանատիպ դեպք՝ նախորդ տարվա 441-ի դիմաց, աճը կազմել է 81.6%: Դրան զուգահեռ շարունակվում է տարեցտարի նկատվող բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշների նվազման միտումը՝ 2018թ. կազմերով ընդամենը 9.5 տոկոս:

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Երևան քաղաքի դատախազությունում կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ բնակարանային գողությունների զգալի մասը կատարվում են հիմնականում ազատ մուտքեր ունեցող, ելումուտը սահմանափակող, կոդավորված փականներով դռներ չունեցող բազմաբնակարան շենքերից: Խորհրդակցության ժամանակ արձանագրվել է, որ պատշաճ որակով չեն իրականացվում նաև բնակարանային գողությունների վերաբերյալ քրեական գործերի քննությունները:

Հատկապես մայրաքաղաքում այս հանցատեսակի դեմ մղվող պայքարը գնահատելով խիստ անբավարար՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել է «քարտեզագրել» բնակարանային գողությունների համար մայրաքաղաքի ամենառիսկային գոտիները, հսկողության տակ առնել հանցագործների՝ այդ հատվածներ ելումուտի այլընտրանքային բոլոր երթուղիները և վարչական շրջանների, համատիրությունների գործուն մասնակցությամբ գործնական միջոցներ ձեռնարկել բազմաբնակարան շենքերն անվտանգությունն ապահովող սարքերով կահավորելու ուղղությամբ:

Արթուր Դավթյանը խնդիր է դրել բնակարանային գողությանը վերաբերող գործերով քննությունները վերապահել բացառապես փորձառու քննիչներին և դատախազներին, ինչպես նաև յուրաքանչյուր դեպքի քննության ընթացքում ավելի վաղ կատարված այլ գողության մասին փաստական տվյալներ ստանալիս պարտադիր քննության առարկա դարձնել՝ որքանով են այն ժամանակ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունները կատարվել լիարժեք, որպեսզի նոր դեպքի բացահայտման դեպքում բավարար ապացուցողական բազա ապահովվի նաև նախկին գողության կատարման մեջ անձի մեղավորությունը հիմնավորելու համար: Եվ բոլոր այն դեպքերում, երբ կպարզվի, որ այդ ուղղությամբ անհետաձգելի գործողությունները կատարվել են բացթողումներով ու թերություններով, տալ համապատասխան իրավական գնահատականներ:

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը տեղեկացրել է, որ դատախազության կողմից խնդիրը բարձրացնելուց հետո քաղաքապետարանի կողմից միջոցներ են ձեռնարկվել մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերը տեսագրող սարքերով և կոդավորված փականներ ունեցող դռներով կահավորելու ուղղությամբ, սակայն առաջիկայում գործընթացն ավելի կակտիվացվի:

2018թ. Երևան քաղաքում արձանագրված կոռուպցիոն հանցագործությունների զանգվածում զգալի են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու 111 (2017թ.՝54), կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության և կաշառք տալու 113 (2017թ.՝99) դեպքերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում