Մերկելը հայտնել է Մյունխենի անվտանգության համաժողովում քննարկվելիք հիմնական հարցերի շրջանակը

Մերկելը հայտնել է Մյունխենի անվտանգության համաժողովում քննարկվելիք հիմնական հարցերի շրջանակը

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում քննարկվելիք հիմնական թեմաները լինելու են ահաբեկչության դեմ պայքարն ու Աֆրիկայի տնտեսական զարգացման հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք գործ ունենք սպառնալիքների նոր տեսակի, նախ և առաջ իսլամիստական ահաբեկչության հետ: Այստեղ մենք պետք է ընդհանուր պատասխաններ գտնենք»,– ասել է Մերկելը:

Որպես համաժողովի մեկ այլ կարևոր հարց՝ կանցլերն առանձնացրել է տնտեսական զարգացումը, որը, նրա համոզմամբ, սերտորեն կապված է անվտանգության խնդրի հետ:

Մերկելն ընդգծել է, որ թեպետ Մյունխենի անվտանգության համաժողովը ծնվել է սառը պատերազմի ժամանակաշրջանում, սակայն այն չի կորցրել իր արժեքն ու արդիականությունը:

Մյունխենի անվտանգության համաժողովն այս տարի տեղի կունենա փետրվարի 15-17-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում