Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է

Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: «Կյանքը մի անգամ է տրվում, պետք է կենտրոնում լինել, կյանքը վայելել, դա է մնում։ Ինչ վայելում ես, այն էլ հետդ ես տանում։ Թեկուզ լավ արարքներիդ համար արձան կառուցեն, քեզ համար ոչինչ չի փոխվում…»։ Խոսքերի հեղինակը Հրանտ Մաթևոսյանն է, ում 84-ամյակը լրանում է այսօր։

Մի առիթով Հրանտ Մաթևոսյանը երրորդ դեմքով, հանրագիտարանային ոճով շարադրել է իր կենսագրականը: hrantmatevossian.org կայքում այն հապարակված է նույնությամբ, պահպանելով բնօրինակի ոճը.

«ՀՐԱՆՏ ԻԳՆԱՏԻ ՄԱԹԵւՈՍՅԱՆ

Հայ գրող, արձակագիր: Նախասիրած ժանրը վիպակն է՝ նովելը: Տպագրվում է 1960 թվականից: Գրել է «Մենք ենք – մեր սարերը», «Բեռնաձիեր» (Оранжевый табун, The Orange Herd), «Խումհար» (Похмелье, Hangover), «Տաշքենդ», «Աշնան արև» (Мать едет женить сына, Autumn sun /Mother Leaves To Give To Marriage Her Son/) վիպակները, «Տերը» կինովիպակը, պատմվածքներ, պիեսներ, որոնք 1967-ից ի վեր, տարբեր հավաքածուներ դառնալով, բազմիցս հրատարակվել են հայերեն, ռուսերեն և ապա՝ միութենական հանրապետություների և սոցերկրների գրեթե բոլոր լեզուներով:

Մոսկվայի Прогресс հրատարակչությունը The Orange Herd (Նարինջ երամակը) խորագրով հավաքածու է հրատարակել ուրդու լեզվով և անգլերեն: 1994-ին փարիզյան Ալբին Միշել հրատարակչությունը տպագրել է Հր.Մ – ի ընտրանին՝ Աշնան արև:

Հր.Մ-ի սցենարներով նկարահանվել են Մենք ենք – մեր սարերը, Աշնան արև, Տերը, Այս կանաչ – կարմիր աշխարհը կինոնկարները, նրա գործերի նյութերով՝ Օգոստոս կինոնկարը, հեռուստատեսային բեմականացումներ են դարձել Հր.Մ-ի Մեծամոր էսսեն և Չեզոք գոտի պիեսը, Երևանի դրամատիկական թատրոնում բեմականացվել են Աշնան արևը և Կայարանը: Ողջ է, աշխատում է Տերը մեծածավալ գործի, Եզրով վիպակի, Մեռելալույս – Рассеянный свет – վեպի վրա: Հայաստանի գրողների միության նախագահն է 1996-ից: Ծնվել է 1935-ին Հյուսիսային Հայաստանի Ահնիձոր փոքր գյուղում՝ Ալավերդու – Թումանյանի շրջան: 52-ից Երևանում է. աշխատել է տպարաններում և թերթերի խմբագրություններում, սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում՝ պատմա-լեզվագրական մասնաբաժնում, 1965-66-ին Մոկվայի կինոսցենարների դասընթացներում: 1984-ին Գրականության ՍՍՀՄ պետական և Հայաստանի նույնանուն մրցանակների դափնեկիր, 1996-ին ՀՀ Մեսրոպ Մաշտոց շքանշանի ասպետ:
Ընտանիքը – կին, դուստր, որդի, առայժմ երեք աղջիկ թոռ:
2001 հունվար, Երևան, ՀՀ»։

Հրանտ Մաթևոսյանը մահացել է 2002 թվականին։

«Լավերը շուտ են մեռնում։ Վատերը տնքտնքում են ու չեն մեռնում…»,-այս խոսքերի հեղինակն էլ գրող, արձակագիր և կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանն է։

«Մաճ եմ բռնել, խոտ հնձել, կով ծնեցրել, պատվաստ դրել… Առասպելի ջրհեղեղը եթե կրկնվեր՝ Նոյան պես կարող էի վերստեղծել հողագործության և անասնապահության մեծ մշակույթները, և մարդկանց հիշողությունը եթե հանկարծ խաթարվեր, ազգականներիս ու երկրացիներիս այն օրերի վարքից կարող էի նորից ժողովել մարդկային բարոյականության օրենսգիրքը: Այդ ամենի համար պարտական եմ այն հին Ահնիձոր գյուղին, ուր տասնհինգ տարի եմ անցրել:

… Պատմությունը ազգերի ու ժողովուրդների ճանապարհին նստած սֆինքս է, որ անցած ուղիներիդ դասը չի հարցնում – փորձում է իրենից՝ այսօրից անցնելու, գալիքին ոտք դնելու կամքդ»,- գրել
է Հրանտ Մաթևոսյանը: 

«Ճշմարտությունը քոնն է, հաղթանակը՝ քոնը, ապագան՝ քոնը։ Ճշմարիտը դու ես հաղթողը՝ դու, ապագայի տերը՝ դու…»։

«Աստված որ մի քանի անհասկացող է ստեղծում՝ կողքներին մի հատ էլ հասկացող է ստեղծում, որ անհասկացողներին գելը չուտի…»։

«Մարդ չպետք է այնքան քաղցր լինի, որ կուլ տան… ոչ էլ այնքան դառը, որ թքեն»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում