Վահե Էնֆիաջյանը վարչապետին խնդրեց չնյարդայնանալ

Վահե Էնֆիաջյանը վարչապետին խնդրեց չնյարդայնանալ

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Ազգային ժողովը շարունակում է կառավարության ծրագրի քննարկումը։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը դիմելով ծրագիրը ներկայացնող վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց, որ օգտվելով առիթից կփոխանցի իրեն դիմած մի խումբ քաղաքացիների բողոքները:

«ԱԺ հարակից տարածքում հավաքվել էին ՀՀ Թուրքիա տարածքից ապրանք ներկրողները և դժգոհում էին ոչ առևտրային նպատակով 50 կգ ապրանք ներկրելու հնարավորությունը 50 տոկոսովով կրճատելու և 25 կգ դարձնելու որոշումից: Նշվածից ավելի կիլոգրամը հարկվում է 4 եվրո»,– ասաց պատգամավորը՝ նշելով, որ խոսքը 500-600 շահառուների մասին է:

Պատգամավորը՝ հարցրեց, թե կոմպրոմիսային ի՞նչ տարբերակներ կարելի է գտնել։
Փաշինյանի խոսքով, եթե այս հարցերի քննարկման ժամանակ 100 տոկոսով ազնիվ և անկեղծ չլինեն՝ հաջողության չեն հասնի:

«Տեսեք, դուք ասում եք՝ ապրանք ներկրողները բողոքում են և ավելացնում, որ ոչ առևտրային նպատակով են բերում, ու խոսքը 600 շահառուի մասին է: Եթե շարունակենք իրար երեսի նայել ու իրար խաբել, ոչ մի բան չի ստացվի, ոչ առևտրային նպատակով ապրանք բերողը նա է, որ ՀՀ-ից ուրիշ գործով է գնացել, խանութից բան է առել, տան, մորքուրի կամ հորքուրի համար բերել, եթե պարբերաբար ապրանք են բերել, դա ոչ առևտրային նպատակով չի։ Չեն լինելու նման անսկզբունք կոմպրոմիսներ, ասեն՝ ցույց ենք անելու կառավարության դեմ, մեզ համար այս արեք, այն արեք։ Չենք համաձայնելու, որ իրար երեսի նայենք ու իրար ֆռացնենք, ով ավելի շուստրի է, կառավարությանը ստիպում է՝ այլ որոշում կայացնի։ Ուրիշ տարբերակ չկա, բերելու եք մաքսազերծելու և նոր միայն անցկացնելու, օլիգարխ կլինի, շարքային կլինի, մանր վաճառական կլինի»,- ասաց վարչապետը։

Էնֆիաջյանը հետաքրքրվեց նաև փողոցային ոչ կանոնավոր առևտուր անող քաղաքացիների խնդիրներից, ինչին ի պատասխան վարչապետն ասաց. «Նայում է փողոցային առևտրականների բողոքը հեռուստացույցով, ասում են՝ «բա սրա համա՞ր ենք հեղափոխություն արել»: Դե իհարկե, մենք հեղափոխություն ենք արել, որ Երևանը դառնա Ստամբուլի բազար, Մաշտոցի պողոտան դառնա արևելյան բազար, բա ուրիշ ինչի՞ համար ենք արել հեղափոխությունը»։

Վահե Էնֆիաջյանը արձագանքում վարչապետին խնդրեց չնյարդայնանալ. «Ես ընդամենը բարձրաձայնեցի խնդիրը, մատնանշեցի շահառուների քանակը։ Բառացիորեն ցիտում եմ Ձեր երեկվա ասածը՝ «ավելի լավ է աշխատել, քան չաշխատել»։ Հիմա մեր պարագայում, քանի որ խնդիրները բազում են, ընդ որում բարձրաձայնում ենք, նրանք էլ են ասում, որ կանոնակարգվի, բայց այլընտրանքն առաջարկելու քայլ պետք է լինի, պայման ստեղծել, նոր այդ ճանապարհին տանել: Նման որոշում կայացնելու դեպքում չպետք է կառավարության ներկայացուցիչներն իրենց սենյակում նստած որոշում ընդունեն, այլ հանդիպեն շահառուների հետ, քննարկեն»։

Փաշինյանն ասաց, որ դրա համար նախ ճշմարտությունը պետք է վերականգնեն ու խոստովանեն, որ դրանք առևտրային նպատակով ներկրվող ապրանքներ են. «Կառավարության նիստում հատուկ ասել էի, խնդրել էի, որ չչարաշահեն այդ որոշումը, իրենք իրենց կամքը ցույց են տվել, բայց այդ շահառուները չարաշահել են: Հիմա ԵԱՏՄ տարածք է, շատ է հարկը, թող ապացուցեն, որ ձեռնտու չէ: Ինչո՞ւ է բողոքում, որովհետև այդտեղ կոռուպցիոն սխեմա է գործել, որը փակել ենք, և հիմա հարկային վճարումները շատացել են։ Հիմա փոփոխման փուլում ենք, սիրելի քաղաքացիներին հրավիրում ենք քննարկման, մենակ ասում ենք՝ մեզ մի խաբեք, ով որ ինձ խաբի, իմ աչքի գրողն է»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում