Գյուղնախարարությունն ինքն իրենից տեղյակ չէ. Հրաչ Բերբերյանը՝ ապահովագրական համակարգի ներդրման մասին

Գյուղնախարարությունն ինքն իրենից տեղյակ չէ. Հրաչ Բերբերյանը՝ ապահովագրական համակարգի ներդրման մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Մնում եմ զարմացած, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ինքն իրենից տեղյակ չէ։ Այս գերատեսչությունը կարճ հիշողություն ունի, որովհետև դեռ Վլադիմիր Մովսիսյանի՝ նախարար աշխատելու ժամանակաշրջանում եվրոհամայնքի գումարներով Հայաստանում արդեն իսկ գյուղատնտեսության ապահովագրական համակարգ է ներդրվել։ Aysor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը՝ անդրադառնալով գյուղնախարարության հայտարարությանը, որ Հայաստանում առաջին անգամ գյուղատնտեսական ապահովագրական համակարգ է ներդրվում։

«Գյուղատնտեսության նախարարությունը դեռ 1999 թվականին ներդրեց ապահովագրական համակարգ, տնօրեն նշանակվեց նախարարի օգնականը։ Դրանից 3 ամիս անց հայտարարվեց, որ գործակալությունը սնանկ է ճանաչվել։ Փողերը կերան, հետո էլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը զարմացած հայտարարեց, որ կարկուտը հենց այն տարածքներին է խփել, որոնք ապահովագրվել են։ Երեք-չորս ամիս անց այդ հիմնարկը փակվեց, գումարներն անհետացան։ Միգուցե դիտմա՞մբ են ասում, որ Հայաստանում առաջին անգամ է գյուղատնտեսական ապահովագրական համակարգ ներդրվում, որպեսզի նախկին յուրացումները թաքցնե՞ն», – կարծիք հայտնեց մեր զրուցակիցը։

Հրաչ Բերբերյանն ընդգծեց, որ իրենք կողմ են, որպեսզի ոլորտում ապահովագրական գործակալություններ գործեն, քանի որ սա գյուղատնտեսության բնագավառում շատ լուրջ բաղադրիչ է։ Սակայն, նրա խոսքով, համակարգի գործելու համար անհրաժեշտ են համապատասխան պայմաններ։

«Եթե Գյուղատնտեսության նախարարությունը ձեռնամուխ է եղել այդ համակարգի ստեղծմանը, ես ուզում եմ հարց տալ. ինչո՞ւ չեն անում վարչապետի՝ դեռ երեք ամիս առաջ տված հանձնարարականը՝ պայքար սկսել մորմազգի ցեցի դեմ։ Գործադիրի ղեկավարն, իմիջիայլոց, իրենց մեկ ամիս ժամանակ էր տվել, իսկ այսօր պայքարի այդ ծրագիրը չկա։ Մենք ունենք այդ ծրագիրը, բայց չենք ուզում Գյուղատնտեսության նախարարության հետ աշխատել. կաշխատենք կառավարության հետ», – ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահը։

Հրաչ Բերբերյանը նկատեց, որ առաջնահերթ խնդիրներ չլուծած՝ ճիշտ չէ մտածել ապահովագրական համակարգի ներդրման մասին։

Նրա խոսքով, մորմազգի ցեցի դեմ չպայքարելու արդյունքում Հայաստանում այսօր լոլիկ գրեթե չի մշակվում, լուրջ անելիքներ կան ոռոգման, անասնապահության և հակակարկտային ծառայության ոլորտներում։

«Այսօր ջրամբարներում ջուր չկա։ Համոզված եմ, որ Սևանից ջուր են վերցնելու։ ՀԷԿ-երը թալանում են ջուրը, գյուղացուն ջուր չի հասնում։ Ինչ վերաբերում է անասնապահությանը, ապա բազմիցս ասել ենք, որ և դաբաղ, և բրուցելոզ, և ժամանակ առ ժամանակ գլուխ բարձրացնող խոզերի ժանտախտ ունենք։ Այս ոլորտներում նախ ռիսկայնությունը պետք է մեղամցնենք, այլապես եթե, օրինակ, անասնաբուժությունը ցածր մակարդակի վրա է, ո՞վ է անասնապահության ոլորտն ապահովագրելու», – նկատեց մեր զրուցակիցը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում