Պուտին. Ռուսաստանի և Իրանի համագործակցության ամրապնդումը շատ կարևոր է
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Իրանի առաջնորդ Հասան Ռոհանիի հետ հանդիպումը լրացուցիչ ազդակ կհաղորդի երկրների երկկողմ հարաբերությունների զարգացմանը միջուկային էներգիայի, նավթի-գազի սեկտորում և այլ ուղղություններում:
Ռուսական պետության ղեկավարն իր պաշտոնակցի հետ հանդիպում է անցկացրել սիրիական խնդրին նվիրված Ռուսաստան-Թուրքիա-Իրան գագաթնաժողովի նախաշեմին:
«Ընդհանուր առմամբ մեր բոլոր պլաններն իրագործվում են: Մեզ համար չափազանց կարեւոր կլիներ ամրապնդել, ուժեղացնել այդ ուղղությունը», – հայտարարել է Պուտինը:
Նա նշել է, որ 2018 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում երկկողմ ապրանքաշրջանառությունն ավելացել է 7,5 տոկոսով՝ մինչև 1,5 մլրդ դոլար:
Պուտինն ընդգծել է, որ Իրանից ներմուծումն ավելացել է ավելի քան 40 տոկոսով:
«Ընդգրկուն համատեղ նախագծեր են առաջ շարժվում միջուկային էներգետիկայում, նավթի-գազի սեկտորում և այլ բնագավառներում: Մենք շատ ուրախ ենք դրա համար: Հույս ունեմ, որ այսօրվա հանդիպումը լրացուցիչ ազդակ կհաղորդի մեր երկկողմ կապերի զարգացմանը», – ընդգծել է ՌԴ նախագահը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում