Հայաստանի և Նիդերլանդների համար հեռանկարային է համագործակցությունը ՏՏ ոլորտում

Հայաստանի և Նիդերլանդների համար հեռանկարային է համագործակցությունը ՏՏ ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-ին հանդիպել է Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Ստեֆ Բլոկի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Հայաստանի և Նիդերլանդների արտգործնախարարները քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով երկու երկրների հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր՝ ուրվագծելով տաբեր ոլորտներում առկա ներուժն առավել արդյունավետ օգտագործելու և համագործակցության շրջանակն առավել ընդլայնելու ուղղությամբ ձեռնարկվելիք համատեղ քայլերը:

Երկկողմ առևտրատնտեսական կապերի առավել խորացման առնչությամբ՝ արտգործնախարարները որպես հեռանկարային ուղղություններ մատնանշել են տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, ինչպես նաև առողջապահության ոլորտները: ԱԳ նախարար Մնացականյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության ոլորտում Հայաստանի ձեռքբերումները՝ այդ համատեքստում կարևորելով հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը և դրան հոլանդական ընկերությունների ներկայությունը։

Անդրադառնալով Եվրոպական Միության հետ հարաբերություններին՝ Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկման հանձնառությունը՝ նշելով, որ Համաձայնագրի արդյունավետ իրագործումը տարբեր բնագավառներում փոխգործակցության լայն դաշտ է բացում ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերում:

Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում