Պրովակացիաներից զերծ մնալու նկատառումով մարդկանց պարզապես աջակցել են, որ տեղահանվեն և մեկնեն Ադրբեջան

Պրովակացիաներից զերծ մնալու նկատառումով մարդկանց պարզապես աջակցել են, որ տեղահանվեն և մեկնեն Ադրբեջան

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, Facebook: Վերջերս սոցցանցերում տարածվեց մի քարոզչական նյութ, որի շրջանակում բանախոսը բանից անտեղյակ երիտասարդներին բացատրում է, որ իբր բռնությանը հակված լինելու մեր ազգային խառնվածքի ձևավորման առաջնային նախադրյալը եղել է ադրբեջանցիներին իրենց տներից բռնությամբ վտարելու երևույթը: Հանուն ճշմարտության նկատեմ, որ, ի միջի այլոց, արձանագրվեց. «Դե դրանց նախորդել էին Սումգաիթի, Բաքվի դեպքերը և այլն»: Այդ տարիներին եղել եմ ՀՀ դատախազության ազգամիջյան հարաբերությունների բաժնի պետը և, ավելի քան, քաջատեղյակ եմ, թե իրականում ինչ է տեղի ունեցել, մասնավորապես բռնությա՞մբ են տեղահանել, թե հենց սումգաիթյան, գանձակի, բաքվի ու բազում այլ դեպքերից հետո երկրում անհարկի պրովակացիաներից զերծ մնալու նկատառումով մարդկանց պարզապես աջակցել են, որ տեղահանվեն և մեկնեն Ադրբեջան:

Հարգելի երիտասարդներ, Ձեր խնդիրն է, թե որ տարբերակին հավատ ընծայեք, և գուցե իմ ասածը համոզիչ չթվա, սակայն ուզում եմ քարոզիչներին միայն մի հարց ուղղել. «Այդ ինչպե՞ս եղավ, որ «բռնությամբ» տեղահանված ադրբեջանցիներին հաջողվեց իրենց բնակարանների մեծ մասը վաճառել, ողջ կայքը, անգամ՝ կահույքը անվնաս տեղափոխել Ադրբեջան, մինչդեռ՝ Ադրբեջանից բռնագաղթված հայերը, ունենալով բազում զոհեր, ենթարկվելով հրապարակային բռնաբարությունների և այլն, չկարողացան անգամ իրենց ոսկեղենը և փաստաթղթերը իրենց հետ վերցնել»:

Մի ժամանակ, Ադրբեջանի գլխավոր դատախազը, հիշյալ քարոզիչի ոճի մեջ, մի տեղեկանք էր տարածել միջազգային կառույցներին, թե իբր Հայաստանում 203 մարդ են սպանել, կցել էր նաև «զոհերի» տվյալները: Մետ մեկ ամիս հետևողական աշխատանքի շնորհիվ իմ բաժնի դատախազների (նրանց մեջ էր նաև հետագայում ՀՔԾ պետ նշանակված պարոն Շահինյանը) միջոցով ապացուցեցինք, որ դա ակնհայտ կեղծիք է, որ այդ «մահացածները» ողջ առողջ հրաշքով հասել են Ադրբեջան, անգամ հետագայում իրենց ստորագրություններով տարաբնույթ գանգատներ են ուղղել Կրեմլ և այլն:

Այդ նույն դեպքերի խորապատկերում դեռևս իշխանության չեկած, այսպես կոչված, «ոչ ֆորմալ» ուժերը (այն ժամանակվա լեքսիկոնով արտահայտվեմ), ունենալով վստահելի տվյալներ, այնքան խելամիտ գտնվեցին, որ կարողացան իրենք նախաձեռնել որոշ բնակավայրերից հայերի տեղահանումը (օրինակ՝ Չարդախլուից), որպեսզի նրանք անխուսափելիոերն չենթարկվեն զանգվածային բռնությունների:

Չտարածվեմ, խնդրում եմ ուղղակի դատողություններ անելուց առաջ, փորձեք այդ չափազանց նուրբ հարցերի առնչությամբ ինքներդ համարժեք իրազեկված լինել և նոր միայն իմպերատիվ տեսակետ տարածել: Առաջիկայում մանրամասն կանդրադառնամ այդ դեպքերի իրավական ասպեկտներին, հաշվի առնելով, որ դրանք ակամա արդիական են դարձել: Նկատի ունեցեք, քաջատեղյակ եմ նաև ԽՍՀՄ գլխավոր դատախազությունից գործուղված քննչական խմբի գործունեության ամենաչնչին դետալներին անգամ: Մի խոսքով, չի եղել բռնություն, ուղղակի եկավ մի պահ, որ այլևս հանդուրժել հնարավոր չէր և հարկ էր կռվել, բայց ոչ թե խաղաղ բնակչության, այլ զինված հրոսակների դեմ, որոնց կազմում բնավ միայն ադրբեջանցիները չէին …

Գեւորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում