Մեծ Վաշինգտոնի համայնքի անդամները միացել են Ադրբեջանի դեսպանատան դիմաց ցույց անող հայ երիտասարդներին

Մեծ Վաշինգտոնի համայնքի անդամները միացել են Ադրբեջանի դեսպանատան դիմաց ցույց անող հայ երիտասարդներին

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Վաշինգտոն համայնքի անդամները միացել են Ադրբեջանի դեսպանատան հարակից տարածքում 1988-1992թթ. Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում և Մարաղայում ոճրագործությունների զոհ դարձած հայերի հարցով արդարություն պահանջող Հայաստանի երիտասարդների ֆեդերացիայի անդամների բողոքի ակցիային: Նրանք հայտարարել են ազատ և անկախ Արցախի Հանրապետությանն իրենց աջակցության մասին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Asbarez պարբերականը:

«Մենք միանում ենք ողջ աշխարհում բնակվող հայկական համայնքներին` մատնանշելով Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում և Մարաղայում հայերի մասսայական սպանությունների փաստը, և սատարելով ազատ Արցախի Հանրապետության ժողովրդին ու խաղաղության հաստատմանն ուղղված նրա մղումները: Մեր ակցիան հանդիսանում է Կոնգրեսում, նահանգների մայրաքաղաքներում և տեղական համայնքներում իրականացվող քաղաքական ակցիայի շարունակությունը, որը նպատակ ունի խորացնել ԱՄՆ-ի ու Արցախի կապերը և ապահովել Հանրապետության երկարատև անվտանգությունը»,- ասել է համայնքի ներկայացուցիչ Գալին Թանաշյանը:

Այս տարի լրանում է նաև 2004թ. փետրվարի 19-ին Հունգարիայում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ընթացքում քնած ժամանակ ադրբեջանցի զինվոր Ռամիլ Սաֆարովի կողմից կացնով գլխատված հայ սպա Գուրգեն Մարգարյանի մահվան 15-րդ տարելիցը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում