«Հրապարակ». Վարչապետի՞, թե՞ քաղաքապետի օգնական

«Հրապարակ». Վարչապետի՞, թե՞ քաղաքապետի օգնական

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ընկեր, նախկին ՈՒՀԱ-ի (Ուրախների և հնարամիտների ակումբ) «Նոր հայեր» խմբի անդամ Արտակ Գասպարյանը (Արտաչոկ), որը բավականին հաջողակ բիզնեսմեն է Ռուսաստանում, և ում ջանքերի շնորհիվ նաև Մարությանը քաղաքապետ դարձավ, հաճախ ներկա է լինում քաղաքապետարանում հրավիրվող խորհրդակցություններին, քննարկումներին։ Մասնակիցները չեն հասկանում, թե ինչ կարգավիճակ ունի նա և ինչու է շարունակ Մարությանի կողքին։ Այսինքն, դե ֆակտո քաղաքապետի խորհրդականի կամ օգնականի ֆունկցիա է իրականացնում՝ ոչ մի ստատուս չունենալով։

Երեկ մենք փորձեցինք անձամբ նրանից ճշտել, թե ինչ կարգավիճակով է մասնակցում քաղաքապետի խորհրդակցություններին։ Նա նախ հաստատեց, որ ինքը Մարությանի ընկերն է։

Քաղաքապետարանում որևէ կարգավիճակ, պաշտոն ունե՞ք, Գասպարյանը փորձեց խուսափել հարցին պատասխանելուց՝ նշելով, որ մենք իրեն հեռախոսով ենք զանգել, և ինքը չգիտի՝ ով է զանգողը, որտեղից։ Ապա ասաց, որ քաղաքապետարանում չի աշխատում, որևէ պաշտոն, կարգավիճակ չունի։ Այդ դեպքում որպես ի՞նչ եք մասնակցում քաղաքապետի հրավիրած խորհրդակցություններին՝ հետաքրքրվեցինք մենք։ Նա մի պահ պաուզա տվեց, ապա հանկարծ հիշեց․ «Ես վարչապետի օգնականն եմ»։ Այսինքն՝ վարչապետի հանձնարարությա՞մբ եք մասնակցում քաղաքապետարանի խորհրդակցություններին։ Այստեղ նա նորից հիշեց, որ մեզ չի ճանաչում․ «Այ, մնացածը ես Ձեզ պետք է ճանաչեմ, որ կարողանամ լիարժեք պատասխանել Ձեր հարցին, որովհետև ես չգիտեմ ով ա զանգում»։ Մենք նրա անունը գտանք կառավարության կայքում՝ իրոք Նիկոլ Փաշինյանի օգնական է նշանակվել 2018-ի հոկտեմբերի 18-ին»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում