Նախարարի տիկնոջ ընկերությունը 2.5 անգամ, իսկ «Աստղիկ» ԲԿ-ն մեկ միլիարդ դրամով ավելի պետական ֆինանսավորում կստանա

Նախարարի տիկնոջ ընկերությունը 2.5 անգամ, իսկ «Աստղիկ» ԲԿ-ն մեկ միլիարդ դրամով ավելի պետական ֆինանսավորում կստանա

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: ՀՀ Առողջապահության նախարարությունը նախօրեին հրապարակել է ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման պայմանագրային գումարները հաստատելու մասին նախարար Արսեն Թորոսյանի ընթացիկ տարվա հունվարի 25-ին ընդունած որոշումը։

Փաստաթղթի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Արսեն Թորոսյանի հետ փոխկապակցված «ՄԻԲՍ» ընկերությունը 2019թ. կստանա 57.04 մլն դրամ պատվեր։ Համեմատության համար նշենք, որ անցած տարի նույն ընկերության պատվերի ծավալը կազմում էր 22.72 մլն դրամ։ Փաստորեն՝ նախարարն իր հետ առնչվող ընկերության պետական ֆինանսավորումը մեծացրել է շուրջ 2.5 անգամ։

Տեղեկացնենք, որ «ՄԻԲՍ»-ը մասնավոր կլինիկա է, որ մատուցում է մագնիսա-ռեզոնանսային շերտագրման ծառայություններ։ Ընկերությունը մինչև նախարար դառնալը գլխավորում էր Արսեն Թորոսյանը։ Այսօր որոշ տվյալներով՝ ընկերության ղեկավարը նրա կինն է՝ Վարդուհի Թևանյանը։

Արսեն Թորոսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից գումար կստանա երկու ուղղությամբ. 41.34 մլն դրամ «ՄԻԲՍ»-ը կստանա «Արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» իրականացնելու համար։ Նույն նպատակով հանրապետության մարզային 11 առողջապահական հաստատությունների պետությունը կհատկացնի 83.2 մլն դրամ։

Պատվերների երկրորդ ուղղությունը նույն ծառայությունն է՝ նախատեսված զինծառայողների համար։ Այս նպատակով Արսեն Թորոսյանի տիկնոջ ղեկավարած ընկերությունը նույն Թորոսյանի ղեկավարած գերատեսչությունից կստանա 15.68 մլն դրամ։ Համեմատության համար նշենք, որ զինծառայողների համար նույնատիպ ծառայությունների նպատակով պետությունը մարզային 7 առողջապահական հիմնարկների կհատկացնի տասն անգամ պակաս գումար՝ 1.6 մլն դրամ։

Հրապարակված տվյալները լուրջ ուսումնասիրության կարիք ունեն, ինչն առաջիկայում կանենք։ Այսօր տեղեկացնենք միայն մի քանի հետաքրքիր տվյալ. Այսպես, առողջապահության նախարարությունը որոշել է ավելի քան մեկ միլիարդ դրամով կամ 62%-ով ավելացնել Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Աստղիկ» ԲԿ-ի ֆինանսավորումը, այն 2019-ին պետբյուջեից կստանա 2.64 մլրդ դրամ։

Մարզային բուժհաստատություններից, ըստ ամենայնի, շահում են վարչապետի ծննդավայր Իջևանում տեղակայված ընկերությունները։ Իջևանի ԲԿ-ն 2019-ին կստանա 265,1 մլն դրամ ֆինանսավորում, ինչը նախորդ տարվանից ավելի է 59.0 մլն դրամով։ Իսկ, օրինակ, նույն մարզի սահմանամերձ Բերդի ԲԿ-ն կստանա նախորդ տարվանից 4.4 մլն դրամ պակաս՝ 201.4 մլն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում