Կիսանախագահական համակարգի անցնելու առաջարկությունը նման է կրկեսի. Սահմանադրագետ

Կիսանախագահական համակարգի անցնելու առաջարկությունը նման է կրկեսի. Սահմանադրագետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Հայ ազգային կոնգրես կուսակցությունը հանդես է եկել առաջարկությամբ՝ մեկ տարվա ընթացքում իրականացնել Սահմանադրական հանրաքվե՝ վերադառնալով կիսանախագահական կառավարման համակարգին:

Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն հարցի շուրջ Aysor.am-ը զրուցեց սահմանադրագետ Վարդան Այվազյանի հետ։

– Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը ցույց տվեց իշխանափոխությունից հետո Ազգային ժողովի ազատ արձակման խնդրի հետ կապված ճգնաժամը։ Սահմանադրական կարգավորումների հարցը փակուղի էին տանում և արտահերթ խորհրդարանական ընտրություններին մենք հասանք, մեղմ ասած, կրկեսի միջոցով. վարչապետի արհեստական հրաժարական, դրանից հետո երկու անգամ առաջադրում։

– ՀԱԿ-ն առաջարակում է նաև անցում կիսանախագահական համակարգին։

– Այս առաջարկությունն արդեն լրիվ կրկեսի է նման։ Սահմանադրությունը երբ փոփոխությունների էր ենթարկվում, գոյություն ունի փոփոխությունների կատարման երկու տրամաբանություն՝ ուղղումներ և լրացումներ։ Հիմա ստացվում է, որ այս պետության կառավարման մոդելը ճիշտ չի եղել, անցում է կատարվել խորհրդարանական կառավարման մոդելի, հիմա համարում ենք, որ սա էլ ճիշտ չի, եկեք հետ վերադառնանք նախկին մոդելին։ Սա և՛ մեր պետականությունը, և՛ Սահմանադրությունը՝ որպես պետության հիմնական օրենք, դարձնում է անլուրջ, ծիծաղելի երևույթ, որն, ըստ իս, խիստ անթույլատրելի է։ Եթե ՀԱԿ-ը նման առաջարկ ունի, ուրեմն առնվազն պետք է հիմնարար մակարդակով և խորը հայեցակարգային հիմքով վերլուծություն ներկայացնի հանրությանը և հիմնավորի, թե ինչու պետք է վերադառնալ կիսանախագահական համակարգին։ Բնականաբար, այդ հիմնավորումը չկա և չի էլ կարող լինել, իսկ առանց դրա ցանկացած նախաձեռնություն չի կարելի լուրջ դիտարկել։

– Դուք նշեցիք ուղղումների և լրացումների մասին։ Կա՞ դրանց անհրաժեշտությունը։

– Իհարկե կա։ Խոսքը վերաբերում է նախագահի ինստիտուտին, որպես պետականության ամբողջության ապահովողի գործառույթներին, որն, ըստ էության, չկա։ Նույն Ազգային ժողովի ազատ արձակման հստակ հիմքեր պետք է ամրագրվեին և այդ ազատ արձակման լիազորությունները չպետք է վերապահվի հանրապետության նախագահին։ Եթե կառավարության անվստահության, հրաժարականի և այլնի հիմքերի մասին սպառիչ ամրագրված է, Ազգային ժողովի ազատ արձակման հիմքերը չկան և սա է բերում փակուղային իրավիճակի։ Նմանատիպ խնդիրները պետք է կարգավորել, ինչ վերաբերում է հետ վերադառնալ կիսանախագահական համակարգին, դա կարելի է ասել՝ նպատակ չի հետապնդում պետության որակականությունը բարձրացնելու, այլ սեփական նեղ շահերը սպասարկելու նպատակ կարելի է համարել։

– Նախկինում էլ ասվում էր, թե այս սահմանադրությունն է կարվել իշխանությունների շահերը սպասարկելու համար, այն ենթակա է փոփոխության, սակայն իշխանություններն այդ ուղղությամբ այս պահին որևէ հայտարարություն, համենայն դեպս, չեն անում։

– Եթե իշխանությունները ցանկություն չեն հայտնում Սահմանադրություն մեջ փոփոխություններ կատարելու և այդ գործող Սահամանադրությունը կարված է եղել նախկին իշխանությունների համար, իսկ նախկին իշխանությունները դա արել են սեփական հարմարավերությունն ապահովելու համար, ուրեմն այս իշխանությունն էլ, ենթադրվում է, որ եկել է իշխանության ոչ թե հանուն պետության որակականության բարձրացման, այլ իշխանություն՝ հանուն իշխանության, և այս վիճակը լիովին նրանց բավարարում է։

Կառավարության կառուցվածքի փոփոխություններով առաջարկվում է կրճատել նախարարությունների թիվը, ինչը շատերի քննադատությանն է արժանացել։ Մասնավորապես, նշվում է, թե կրճատելով մի քանի նախարարություն, որոշներին տրվում է սուպերնախարարության կարգավիճակ։

– Նախարարությունը կլինի սուպեր, հիպեր, թե չգիտեմ ոնց, դրա աշխատանքի արդյունավետությունը պայմանավորված է նախարարի գիտելիքներով, արժեհամակարգով և փաստացի ունակություններով։ Եթե այս երեք հատկությունը չունի նախարարը, նախարարության փոփոխությունը ոչ մի արդյունք ունենալ չի կարող։ Խնդիրը ղեկավարների մեջ կարող է լինել, ոչ թե նախարարության անվանման։

Հետևեք մեզ նաև Telegram-ում