Մահացել է Էլմիրա Հեքեքյան-Աբրահամյանը

Մահացել է Էլմիրա Հեքեքյան-Աբրահամյանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Այսօր 91 տարեկանում կյանքին հրաժեշտ է տվել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, ՀՀ հեռուստատեսության հիմնադիր, ակադեմիկոս Էլմիրա Հեքեքյան-Աբրահամյանը։

Էլմիրա Հեքեքյան-Աբրահամյանը ծնվել է Գանձակում։ 1953 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, 1975 թվականին Մոսկվայում կատարելագործվել հեռուստատեսության համամիութենական ինստիտուտի գլխավոր ռեժիսորների դասընթացներում։ 1946-1948 թվականներին աշխատել է Բաքվի Լ. Երամյանի անվան, 1953-1957 թվականներին՝ Երևանի ռուսական թատրոններում, 1958 թվականից՝ ՀՀ հեռուստաստուդիայի ռեժիսոր։ 1953 թվականից (ընդհատումներով) դասավանդել է Երևանի պարարվեստի, երաժշտական ուսումնարաններում, ԵԹԱԻ-ում։ Հեղինակ է բազմաթիվ հեռուստահաղորդաշարերի՝ «Զրույցներ գեղագիտության մասին», «Գեղեցիկի աշխարհում», «Շախմատային այբուբեն», «Թատերական հուշեր», «Վարք ու բարք», «Հասմիկ» և այլն։ Նկարահանել է «Մինչև 16 տարեկաններին թույլատրվում է․․․» ֆիլմը (1964, Համամիութենական կինոփառատոնի առաջին մրցանակ, Պրահայի միջազգային կինոփառատոնի դիպլոմ, 1965)։

Լուիզա Սամվելյանի համագործակցությամբ ներկայացրել է համաշխարհային դրամատուրգիայի եզակի նմուշներ՝ բեմադրելով Արիստոֆանի «Ամպերը», Եվրիպիդեսի «Իֆիգենիան Ավլիսում» (երկուսն էլ՝ 1971), Ջ. Բրունոյի «Մոմակալը» (1973)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում