Եվրամիությունը պատրաստ է շարունակել և ընդլայնել իր աջակցությունը Հայաստանին. Սվիտալսկի

Եվրամիությունը պատրաստ է շարունակել և ընդլայնել իր աջակցությունը Հայաստանին. Սվիտալսկի

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Հայաստանում մարդու իրավունքների, ժովովրդավարության, թափանցիկության, իրավական բարեփոխումների և հավասար իրավունքների խթանման դիրքերից հանդես եկող անհատներն այսօր մրցանակների արժանացան։

«Համընդհանուր իրավունքների» մրցանակաբաշխությունը Հայաստանում անցկացվում է 2012 թվականից։ Այս տարի անվանակարգերը տասն էին՝ «Ազատության պաշտպան», «Համայնքային զարգացում», «Արդարդատության մատչելիություն», «Ներառականության խթանում», «Մեդիա գերազանցություն», «Կառավարության բարեփոխիչ», «Խիզախ կին», «Երիտասարդ առնաջնոդ», «Հավասար հնարավորություններ» և «Համագործակցության ջատագով»։

Մրցանակաբաշխության արարողությանը ներկա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե որն է մարդու իրավունքների երաշխավորման իրենց բանաձևը. «Իրավունքների հավասար հնարավորություններ ստեղծելն է բոլոր քաղաքացիների համար և հետևողական գնալու ենք այս ճանապարհով։ Մեր առաջին անելիքն այն է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր դիրքին արժանանա իր օբյեկտիվ ընդունակությունների իրացմամբ: Բայց դա չի նշանակում, որ այն մարդիկ, ովքեր չունեն այդ օբյեկտիվ ընդունակություները պետք է դուրս մնան այդ իրացումից, այլ նրանց պետք է օգնենք զարգացնելու այդ ընդունակությունները, կրթությանը նրանց համար հասանելի լինի, որ հնարավորության մեջ ևս լինեն հավասար ուրիշների հետ: Պետք է ՀՀ-ում պայմաններ ստեղծել, որ բոլոր դիրքերում լինեն լավագույները քաղաքականության մեջ, տնտեսության, կրթության, արդար հավասար հնարավորությունների»։

Արարողությանը ներկա Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց. «2018 թվականին ժողովրդավար աշխարհը ողջունեց Հայաստանում տեղի ունեցած քաղաքական խաղաղ փոփոխությունը։ Վստահ ենք, որ ազատության, հավասարության և մարդու իրավունքների հանդեպ հարգանքի հիմնարար արժեքների վրա հիմնված այս ուղղությունն անշրջելի կլինի։ Եվրամիությունը պատրաստ է շարունակել և ընդլայնել իր աջակցությունը Հայաստանին՝ ժամանակակից, բաց և դիմակայուն հասարակություն կառուցելու կարևոր այս ճանապարհին»։

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրի խոսքով՝ այս մրցանակակիրները պայքարում են հանուն սոցիալական արդարության բոլորի համար՝ անկախ մեծամասնություն կամ փոքրամասնություն լինելու հանգամանքից. «Սա շատ կարևոր է, քանի որ բազմազանությունն ու ներառումը՝ կառավարման, բիզնեսի, կրթական ոլորտներում, շահեկան է բոլորի համար։ ԱՄՆ դեսպանությունը կշարունակի աշխատել իր գործընկերների հետ՝ առաջ մղելու այն համընդհանուր ճշմարտությունը, որ արդարությունը բոլորի համար է, որ բոլորն ունեն կրթության ու զբաղվածության իրավունք, և որ բոլորը ծնվում են հավասար»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում