Կառավարությունը կայացրեց դատավորներին և ԲԴԽ անդամներին սոցիալական փաթեթի շահառուների շրջանակում ներառելու որոշում

Կառավարությունը կայացրեց դատավորներին և ԲԴԽ անդամներին սոցիալական փաթեթի շահառուների շրջանակում ներառելու որոշում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը որոշում կայացրեց դատավորներին և Բարձրագույն դատական խորհրդի անդամներին ներառել սոցիալական փաթեթի շահառուների շրջանակում։

Վարչապետը նշեց, որ որքան էլ ունենան վերապահումներ, կարծում է, որ այս ճանապարհով պետք է գնան, քանի որ սրանով քայլ են անում լուծելու՝ ոչ միայն դատավորների համար խնդիրները, այլ քաղաքացիների և երկրի համար:

«Մենք հնարավոր պայմանները պետք է ստեղծենք, որ դատավորները օբյեկտիվորեն սրա-նրա ձեռքին նայելու մեծ անհրաժեշտություն չունենան: Մենք խստորեն պետք է պայքարենք կոռուպցիայի և ապօրինի որոշումների դեմ, բայց այս խնդիրների ծագման սոցիալական բաղադրիչը պետք է նեղացնենք։ Այս կարգի որոշումները պոպուլյար չեն և չեն էլ կարող լինել, բայց այս տարի կայացրած որոշումներով պետպատվերից օգտվող քաղաքացիների շրջանակը մեծացվել է 250 հազարով», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետական կառավարման համակարգի գրավչությունը որակյալ աշխատուժի համար պետք է բարձրացվի, քանի որ այդ որակից է կախված քաղաքացիների կյանքի փոփոխությունների որակը, արդյունավետությունը:

«Կարող ենք գերանդին առնել և ամբողջ պետական համակարգը աջ-ձախ հնձել, բայց դրա պատճառով կառաջանան հետևանքներ, որ տասնյակ տարիներում հնարավոր չի լինի լուծել: Պետական կառավարման համակարգը և պետությունը զգայուն է մարդու օրգանիզմի համար և ճիշտ չախտավորված բուժումներ նշանակելը մահացու հետևանքների կարող է բերել», – ասաց նա։

Վարչապետը նշեց, որ այսօր պետական կառավարման համակարգի բոլոր մարմինների խնդիրն է գործել հեղափոխության բերած արժեքների տրամաբանության, օրենքների ու Սահմանադրության շրջանակում:

«Սա սոցիալիստական հեղափոխությունը չէ, որ հաղթողները պարտվողներին պատերի տակ գնդակահարում էին կամ բաժանում սևերի և կարմիրների, մեր դեպքում, սևերի և սպիտակների։ Սա սիրո և համերաշխության հեղափոխություն է, և յուրաքանչյուրը փոխվելու շանս պետք է ունենա», – ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նախահեղափոխական արժեքները շանս չունեն վերակենդանանալու:

«Ես, որպես Հայաստանի վարչապետ, սա համարում եմ իմ անձնական պարտավորությունը, և այդ արժեքների վերակենդանացման ցանկացած փորձ կկասեցվի ամենախիստ ձևով՝ լինի դա ասֆալտի վրա պառկեցնելով, պատերին տալով, թե լինի դա որևէ կերպ, իհարկե, օրինական միջոցներով», – հավելեց նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում