Ամուլսարի համալիր փորձաքննության համար կառավարությունը ներգրավում է միջազգային հավատարմագրված ընկերություն

Ամուլսարի համալիր փորձաքննության համար կառավարությունը ներգրավում է միջազգային հավատարմագրված ընկերություն

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ պահուստային ֆոնդից 396 հազար 900 դոլարին համարժեք դրամ կտրամադրվի ՀՀ քննչական կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով նշանակված փորձաքննության համար՝ Earth link & Advanced Resources Development (ELARD) միջազգային հավատարմագրված ընկերության հետ պայմանագիր կնքելու և հետագա գործընթացները կազմակերպելու նպատակով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ 2018 թ. նոյեմբերի 8-ին վարչությունում քննվող քրեական գործով հայտարարվել է միջազգային հավատարմագրված ընկերությունների նախաորակավորման երկու փուլով մրցույթ՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման հաշվետվությունների փորձաքննման, ինչպես նաև հանքավայրի շահագործման հետևանքով շրջակա միջավայրի վրա ազդեցության ռիսկերը պարզելու համար: Ընկերությունը ներգրավվելու է քրեական գործով նշանակված էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, նյութագիտական, հողագիտական, քիմիական, տեխնոլոգիական, շինարարատեխնիկական և տնտեսագիտական համալիր փորձաքննության կատարմանը գործընթացում»,- ասաց Ջանջուղազյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում