Լուրջ չեմ վերաբերվում և՛ նախաձեռնությանը, և՛ նախաձեռնողին. Իշխան Սաղաթելյան

Լուրջ չեմ վերաբերվում և՛ նախաձեռնությանը, և՛ նախաձեռնողին. Իշխան Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, Yerkir.am: Լուրջ չեմ վերաբերվում և՛ նախաձեռնությանը, և՛ նախաձեռնողին. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը` անդրադառնալով ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառմանը, թե Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա օրհներգի տեքստի մրցույթ է հայտարարվել և իբր ձևավորվել է աշխատանքային խումբ:

«Վերջապես սա պետություն է, տվյալ անձը պետական ինստիտուտ է ներկայացնում: Սա ի՞նչ մոտեցում է, հիշյալ գործիչն ունի՞ այդ իրավասությունը և լիազորությունը` հիմնի տեքստի մրցույթ հայտարարելու, մրցույթի հանձնաժողով ձևավավորելու, ո՞վ է նրան տվել այդ լիազորությունը, ո՞ր օրենքով է բարձրաստիճան պաշտոնյան մասնավոր հանձնաժողով ստեղծում»,- ասաց նա:

Ըստ Սաղաթելյանի` պետք չէ ամեն ինչ այդքան անլրջացնել և զավեշտի վերածել: «Վերջապես ես ուզում եմ հասկանալ` սա ում տեսակետն է` Ալեն Սիմոնյանի՞, թե՞ իշխող ուժի: Եթե` Ալենի Սիմոնյանի, վատ է, եթե` իշխանության, ավելի վատ է, իսկ եթե պարապ են մնացել և այլ զբաղմունք չունեն, թող հավաքվեն Ազգային ժողովի բակում զիլինա կամ պահմտոցի խաղան: Կարծում եմ` դա նրանց մոտ ավելի լավ կստացվի»,- նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը` հավելելով, որ սա կեղծ օրակարգ է` հասարակության ուշադրությունը հիմնական հարցերից շեղելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում