Մոտիկներին ամեն ինչ, մյուսներին՝ օրենքով. առողջապահության 2019թ. պետպատվերի բաշխման ոլորաններում

Մոտիկներին ամեն ինչ, մյուսներին՝ օրենքով. առողջապահության 2019թ. պետպատվերի բաշխման ոլորաններում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Հայաստանում սրտային վիրաբուժության հիմնադիր Նորք-Մարաշ բժշկական կենտրոնն այս տարի պետությունից կստանա մոտ 941.3 մլն դրամի պատվեր՝ նախորդ տարվա 1058.0 մլն դրամի փոխարեն:

Թեև նախարար Արսեն Թորոսյանն անցած տարի պնդել էր, որ նախատեսում են սրտի ստենտավորման արժեքը նվազեցնելով խնայված միջոցներն ուղղել ստենտավորման ծավալների ու շահառուների թվի ավելացմանը, սակայն ստացվում է, որ Նորք-Մարաշ կլինիկայի ֆինանսավորումը նվազել է 116.8 մլն դրամով, որն ուղղվել է այլ ծառայությունների գնմանը, այդ թվում՝ Արսեն Թորոսյանի հետ փոխկապակցված «ՄԻԲՍ» ընկերությունից արտահիվանդանոցային ախտորոշիչ ծառայություններ գնելուն:

2018թ. հունիսին Արսեն Թորոսյանը, երբ դեռ նոր էր նշանակվել, ասուլիսում վստահեցրեց, որ վճռական է տրամադրված կոռուպցիան ու անարդարությունն արմատախիլ անելու պայքարում։ Իսկ որպես ցցուն օրինակ` նա ներկայացրել էր փաստը, թե «Հայաստանում փողերն անարդար են բաշխվել հիվանդանոցներին։ Եթե Սիսիանի բժշկական կենտրոնին պետբյուջեից հատկացվում է 2,5 միլիոն դրամ, ապա Երևանի հիվանդանոցներից մեկին՝ 5 միլիարդ դրամ»։ Հեղափոխական այդ էյֆորիկ օրերին որևէ մեկը չհամարձակվեց ստուգել հրապարակային տվյալներն ու պարզել, որ Սիսիանի ԲԿ-ն ստացել է ոչ թե 2.5 միլիոն, այլ՝ 243,2 միլիոն դրամ։ Արսեն Թորոսյանն, իր հերթին, այդպես էլ չպարզաբանեց՝ ցուցանիշը մոտ 100 անգամ նվազեցնելու փաստը միտումնավոր սուտ էր և պարզունակ մանիպուլյացիա՝ տպավորություն ստեղծելու նպատակո՞վ, թե՞ պարզապես լեզվի սայթաքում էր։

Այդուհանդերձ անցել է ութ ամիս և Արսեն Թորոսյանն արդեն ինքն է որոշում՝ ինչպես արդարացի բաշխել առողջապահական ծառայությունների գնման համար նախատեսված բյուջետային գումարները։ Եվ ահա արդարացի բաշխման արդյունքում 2019թ. համար խնդրո առարկա բուժհաստատությանը կհատկացվի 273.6 միլիոն դրամ։ Ասել է թե՝ արդարության վերականգնման համար անհրաժեշտ էր Սիսիանի ԲԿ ֆինանսավորումը 12%-ով ավելացնել՝ զուգահեռաբար Երևանի խոշորագույն պետական բուժհաստատության ֆինանսավորումը նվազեցնելով 835 միլիոն դրամով կամ 17%-ով։ Գուցեև այս պնդումը ճիշտ լիներ, եթե չլիներ մեկ հանգամանք. Արսեն Թորոսյանն, իր իսկ ձևակերպմամբ՝ «Երևանի հիվանդանոցներից մեկին»՝ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Աստղիկ» ԲԿ-ին պետբյուջեից 2019թ. համար հատկացրել է 2641.2 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա 1624.3 միլիոնին գերազանցում է 1 միլիարդով կամ 62%-ով։

Անցած տարի, երբ Արսեն Թորոսյանը դեռ նախարար չէր, «ՄԻԲՍ» ընկերությունը պետությունից ստացել էր 22.7 մլն դրամի ծառայություններ մատուցելու պատվեր, իսկ ահա 2019թ. այդ պատվերի ծավալը մեծացել է ուղիղ 1.5 անգամ և կազմել 57 մլն դրամ։ Հանգամանքը, որ Արսեն Թորոսյանը մինչ հեղափոխական կառավարության կազմում ընդգրկվելը գլխավորում էր «ՄԻԲՍ» ՍՊԸ-ն, որտեղ այսօր նրան փոխարինում է կինը՝ Վարդուհի Թևանյանը, նախարարի պնդմամբ՝ այս վերաբաշխման ընթացքում ոչ մի նշանակություն չի ունեցել։ Այդուհանդերձ զարմանալի է, որ Երևանում տեղակայված ախտորոշիչ կենտրոնին բյուջեից ավելի շատ հավելավճար է սահմանվում, քան նույն Սիսիանի բուժկենտրոնին։

Չի բացառվում, իհարկե, որ պետությունն ի դեմս առողջապահության նախարարի, որոշել է մագնիսա-ռեզոնանսային շերտագրման հարցում (իսկ «ՄԻԲՍ»-ը հենց դրանով է զբաղվում) թև ու թիկունք դառնալ սեփական քաղաքացիներին, և հավելումն էլ այդ հոգատարության արդյունք է։ Հավանաբար այդպես է։ Բայց այս դեպքում էլ զարմանալի է, թե ինչու է «ՄԻԲՍ»-ի գլխավոր մրցակից և ճառագայթային ախտորոշման ոլորտի առաջատար ընկերություններից «Արմամաքս» ՍՊԸ-ն զրկվել 111.5 մլն պատվերից։ Նկատենք, որ այն որոշ տվյալներով՝ պատկանում է նախկին նախարար Հարություն Քուշկյանին, և ծառայություններ է մատուցում «Նաիրի» ԲԿ-ում։ Ընթացիկ տարում ևս «Արմամաքս»-ը ծառայություններ կմատուցի, բայց՝ 2018-ի 204.5 մլն դրամի փոխարեն 92.9 մլն դրամ։ Ստացվում է, որ պետպատվերի մի զգալի պատառ նախորդ նախարարի ընկերությունից անցնում է գործող նախարարի հետ ասոցացվող ընկերության։

Ամփոփելով ՄՌՇ (МРТ)-ի թեման՝ չենք կարող չարձանագրել, որ այս ոլորտի առաջամարտիկ «Ուլտրաիմիջինգ ԳՄԿ» ՍՊԸ-ի պատվերների ծավալը չի մեծանա, ընդհակառակը 8 հազար դրամով կնվազի։ Ի դեպ ընկերության սեփականատեր, Հայաստանում ՄՌՇ հիմնադիր Արամ Քոչարյանը նախորդ տարեվերջին, մեղմ ասած, մտահոգություն էր հայտնել առողջապահության ոլորտում իրականացվող քաղաքականության առթիվ։

Վերադառնալով առողջապահության ոլորտում կոռուպցիայի ու արդարության խնդրին՝ հարկ ենք համարում ներկայացնել ևս մի ուշագրավ փաստ։ Նախարար Թորոսյանը նախորդ տարի խոստացել էր, որ առողջության առաջնային պահպանման օղակում աշխատավարձերի բարձրացում կլինի։ Սա ենթադրում էր, որ 2019-ին նախորդ տարվա համեմատ էականորեն կավելանա պոլիկլինիկական ու ամբուլատոր հաստատությունների ֆինանսավորումը։ Եվ իսկապես, այս հաստատություններին տրամադրվող գումարները միջինում մոտ 28%-ով ավելացվել են։ Սակայն այս դեպքում էլ միջոցները բաշխվել են ոչ թե հավասարաչափ, այլ արդարացի։ Արդյունքում Երևանի թիվ 19 պոլիկլինիկայի ֆինանսավորումն ավելացել է 153 մլն-ով և 2019-ին կկազմի 691.6 մլն դրամ։ Համեմատության համար հիշեցնենք, որ Սիսիանի ԲԿ-ն ստանալու է 273.6 մլն դրամ և եթե այդ թվից հանենք Սիսիանի ԲԿ աշխատավարձային ֆոնդի ավելացած մասը, կստացվի , որ այս տարի Սիսանի ԲԿ-ին բնակչությանը փաստացի բուժօգնություն ցուցաբերելու համար դեռ մի բան ել ավելի քիչ գումար է տրվել քան անցյալ տարի։

Ի դեպ, կասկածներ կան, որ պոլիկլինիկաների աշխատակիցների աշխատավարձի բարձրացումը տեղի է ունենալու ոչ թե բյուջետային հատկացումների, այլ՝ ոլորտի շահառուների, այն է՝ ՀՀ քաղաքացիների առողջության հաշվին։ Մասնավորապես, համակարգի աշխատակիցները և բժշկական կազմակերպությունների ղեկավար կազմի մեր աղբյուրները տեղեկություններ ունեն, որ հավելավճարներն ապահովվելու են սոցիալապես անապահով քաղաքացիներին տրմադրվող դեղերի քանակի ու որակի հաշվին. նախ՝ էականորեն կրճատվել է անվճար հատկացվող դեղամիջոցների ցանկը, իսկ մյուս կողմից էլ՝ որակյալ դեղերը փոխարինվել են առավել էժան փոխարինիչներով։ Մասնագետներն այս հարցերի պատասխանը կստանան առաջիկայում, երբ կհաստատվեն առաջնային բուժօգնության հաստատությունների տարեկան բյուջեները։

Բոլոր դեպքերում նույնիսկ մակերեսային ուսումնասիրությունն էլ վկայում է, որ առաջնային օղակում ևս պետական միջոցներն անարդարացի են բաշխվել։ Հատկապես մտահոգիչ է առատաձեռնությունն արդեն հիշատակված թիվ 19 պոլիկլինիկայի նկատմամբ։ Խնդիրն այն է, որ անմիջապես թավշյա հեղափոխությունից հետո թիվ 19 պոլիկլինիկայում սկանդալ էր եղել, բանը հասել էր գործադուլի, ինչն ի վերջո ավարտվել էր տնօրեն Սարգսյանին մեղադրանքի առաջադրմամբ՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու դրվագով (բավականին տիպիկ կոռուպցիոն էլեմենտներով)։ Եվ այս պայմաններում կոռուպցիայի դեմ անխնա պայքար մղող նախարարությունը մեղադրանքի տակ գտնվող անձի ենթակայության տակ եղած պոլիկլինիկաներին և նույն անձին պատկանող 2 մասնավոր կլինիկական հաստատություններին պատվիրակում է մոտ 1 մլրդ դրամի ծառայություն։

Անմեղության կանխավարկածը չխախտելու համար պետք է ընդգծել՝ չի բացառվում, որ վերը նշվածը երջանիկ պատահականության արդյունք է։ Նույնկերպ երջանիկ պատահականության արդյունք կարելի է համարել այն, որ վարչապետի ծննդավայր Իջևանում հիվանդանոցի ֆինանսավորումը 206 մլն-ից դարձել է 265 մլն՝ ավելանալով 58 մլն-ով (10 մլն-ով ավելին է, քան մարզի մյուս երեք ՝ Բերդի, Նոյեմբերյանի, Դիլիջանի հիվանդանոցները միասին վերցրած), իսկ պոլիկլինիկայի ֆինանսավորումը 138 մլն-ից դարձել է 214 մլն։ Համեմատության համար նշենք, որ նույն մարզում, եղած մնացած պոլիկլինիկական ու ամբուլատոր հաստատություններին տրված հատկացումները 341 մլ-ից դարձել են 426 մլն։ Այսինքն՝ ամբողջ մարզի առաջնային պահպանման 19 հաստատություններին տրված ավել միջոցները համարյա նույնն են, ինչ մարզկենտրոն Իջևանի պոլիկլինիկային։

Սա կարող է լինել թե պատահականության, թե լոբբինգի արդյունք։ Փաստեր չկան, ուստի ստիպված ենք սպասել պաշտոնական պարզաբանումների։ Այդուհանդերձ պետպատվերի գումարների տեղաբաշխման մի շարք օրինաչափություններ վկայում են, որ առողջապահության նախարարությունում ոմանք առաջնորդվել են «յուրայիններին ամեն ինչ, հակառակորդներին՝ ոչինչ» տրամաբանությամբ։

Օրինակ, ակնհայտ է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ եղած բուժհիմնարկների լրաֆինանսավորումն էականորեն շեղվում է Երևանում տեղակայված այլ հաստատությունների ցուցանիշներից։ Առանձին դեպքերում առկա են ցցուն անարդարություններ։

Օրինակ, թե Երևանում, թե մարզերում ծննդատները, մոր և մանկան առողջության կենտրոնները զգալի լրավճարներ են ստանալու, իսկ ահա «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստտիտուտ» ՓԲԸ-ն, որը ոլորտում մասնագիտացած կառույց է, 183 մլն դրամով կթերավճարվի։ Գուցե ամեն ինչ արդար է, բայց իրավիճակը փոքր ինչ մառախլապատ է դարձնում այն հանգամանքը, որ նշված հիմնարկի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը նախորդ տարի զրկվել է նաև հանրապետության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգի կարգավիճակից (պաշտոնը ներկայումս կոչվում է «ԱՆ խորհրդատու»)։ Իսկ ահա մի շարք հաստատություններ, որոնք պատկանում են կամ ենթարկվում են նորանշանակ խորհրդատուներին, այս տարի առատ կլրաֆինանսավորվեն։

Այսպիսով՝ նախարար Թորոսյանի ներկայացուցիչների պնդումը, թե պետպատվերի բաշխումն «անձերով պայմանավորված չէ», խիստ կասկածելի է: Բավական է փաստել, վերը հիշատակված «Նորք-Մարաշ» ԲԿ-ն, որն ի տարբերություն նմանատիպ այլ կառույցների, այս տարի կթերֆինանսավորվի, ղեկավարում է Միքայել Ադամյանն, ում թեկնածությունն անցած տարեվերջի քաղաքական վերադասավորումների ընթացքում, ըստ մամուլի, դիտարկվել էր որպես նախարարի պաշտոնում Արսեն Թորոսյանի հավանական փոխարինող:

Հետևեք մեզ նաև Telegram-ում