Խմբի աշխատանքներին իմ մասնակցությունն այդքան էլ նպատակահարամար չեմ գտնում. Տեր Ասողիկ

Խմբի աշխատանքներին իմ մասնակցությունն այդքան էլ նպատակահարամար չեմ գտնում. Տեր Ասողիկ

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանն ընդգրկված չէ Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա հիմնի համար տեքստի մրցույթի աշխատանքային խմբում, հրավիրված է եղել մասնակցելու քննարկմանը։

«Քննարկմանը Մայր Աթոռից ներկայացուցիչ հրավիրելու առաջարկ էր եղել։ Դիտարկվել էր իմ թեկնածությունը։ Մասնակցել եմ Խաչատրյանի երաժշտության հիման վրա տեքստի հետ կապված քննարկմանը, բայց հիմնի փոփոխության հետ կապված որևէ խնդիր դրված չէր։ Հետևաբար, հիմնի հետ կապված հարց չկա։ Այդ մրցույթը պաշտոնական ոչ մի հիմք չունի»,– Panorama.am-ի հետ զրույցում ասաց Տեր Ասողիկը։

Նրա խոսքով, մասնակցությունը շարունակություն չի ունենալու. «Աշխատանքային խմբի աշխատանքներին իմ մասնացությունն այդքան էլ նպատակահարմար չեմ գտնում, որովհետև տեքստի քննություն պետք է լինի, դա երաժշտագետների, գրականագետների խնդիրն է, ոչ թե եկեղեցականի»։

Ինչ վերաբերում է Հայաստանի հիմնի փոփոխության անհրաժեշտությանը, քահանան ասաց. «Կարծում եմ՝ հանրային լայն քննարկումների արդյունքում, որը պետք է կազմակերպել Հայաստանում և սփյուռքում, միայն դրանից հետո կարելի է խոսել այդ հարցի մասին»։

Աշխատանքային խմբի անդամ Լեզվի պետական կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը թեև դեմ է հիմնի փոփոխություններին, բայց կմասնակցի խմբի աշխատանքներին։

«Վատ կլինի՞, որ գնամ և այլ կարծիք հնչի այնտեղ»,- հարցրեց նա։

Նրա խոսքով, անվիճելի է, որ Արամ Խաչատրյանը սքանչելի կոմպոզիտոր է, կասկած չկա, որ Խորհրդային Հայաստանի հիմնի երաժշտությունը շատ լավն է: Դավիթ Գյուրջինյանն ասաց, որ այժմյան օրհներգն ընդունվել է առաջին հանրապետության ժամանակարջանում, Հայաստանի պատմության մաս է, իսկ նորանկախ Հայաստանը վերականգնեց պետական այդ խորհրդանիշը, որը սիրելի են նոր սերնդին։

Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ հայտարարվում է օրհներգի մրցույթ, ստեղծվել է Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա հիմնի համար տեքստի մրցույթի աշխատանքային խումբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում