Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպանը երդվել է

Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպանը երդվել է

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Այս շաբաթ Լին Մ. Թրեյսին երդվել է ծառայել Հայաստանի Հանրապետությունում որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան: Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը։

«Դեսպան Թրեյսին ԱՄՆ դիվանագիտական ծառայության ավագ կադրային դիվանագետ է և Հայաստանում ներկայացնելու է Միացյալ Նահանգների նախագահին: Անհամբեր սպասում ենք նրան Երևանում»,-մանրամասնում են դեսպանատնից։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին ԱՄՆ Սենատը հաստատեց նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջադրված Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:

Ավելի վաղ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անցած լսումների ընթացքում Լին Թրեյսին հայտարարել էր, որ Հայաստանում Միացյալ Նահանգների քաղաքականության հիմնական նպատակն է ամրապնդել Հայաստանի անկախ պետականությունը։

«Հայաստանում մեր քաղաքականության նպատակը մնում է անփոփոխ. անկախ, ժողովրդավար և բարգավաճող Հայաստանի ամրապնդումը, որը խաղաղության մեջ է ապրում իր հարևանների հետ: Եվ մենք կրկին հաստատում ենք մեր նվիրվածությունը ինքնիշխան Հայաստանին, որն ազատ է ընտրելու սեփական գործընկերներին», – հայտարարել է Թրեյսին:

Միացյալ Նահանգներն արտերկրում ներկայացնող դեսպանները առաջադրվում են նախագահի, սակայն հաստատվում Սենատի կողմից: 24 տարվա հանրային ոլորտում աշխատանքի փորձ ունեցող Լին Թրեյսին ԱՄՆ-ի Պետքարտուղարության Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականն էր: Նախկինում զբաղեցրել է Ռուսաստանում ու Թուրքմենստանում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնը, եղել ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Հարավային և Կենտրոնական Ասիայի երկրների գծով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում