Ադրբեջանում շարունակվում է ռազմականացումը, սահմանամերձ շրջաններում ինժեներական աշխատանքներ են կատարվում. Դավիթ Բաբայան

Ադրբեջանում շարունակվում է ռազմականացումը, սահմանամերձ շրջաններում ինժեներական աշխատանքներ են կատարվում. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացքում այժմ երկու իրողության հետ գործ ունենք՝ մի կողմից հրադադարի խախտման դեպքերը նվազել են, մյուս կողմից՝ Ադրբեջանում պետական մակարդակով շարունակվում է հայատյացությունը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

«Իհարկե, պետք է փաստենք, որ հրադադարի խախտման դեպքերն էականորեն նվազել են ու շատ լավ է, որ կա Նիկոլ Փաշինյանի պայմանավորվածությունը Ալիևի հետ, սակայն դրան զուգահեռ կա նաև մեկ այլ իրողություն ևս՝ Ադրբեջանը չի փոխում իր հայատյաց քաղաքականությունը: Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է ռազմատենչ հայտարարություններով հանդես գալ», – ասաց Դավիթ Բաբայանը:

«Այնտեղ շարունակվում է ռազմականացումը, սահմանամերձ շրջաններում ինժեներական աշխատանքներ են կատարվում։ Այո′, մի կողմից լավ է, որ հրադադարի խախտման դեպքերը նվազել են, բայց մյուս կողմից հայատյացությունը շարունակում է մնալ Ադրբեջանի պետական հենասյուներից մեկն ու այս իրողությունը չի փոխվում։ Մենք նման երկրի հետ գործ ունենք», – ասաց Դավիթ Բաբայանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ նախագահի խորհրդական, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Արցախի սահմանային իրավիճակին՝ նշելով, որ Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով կատարում է ինժեներական աշխատանքներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում