ՌԴ-ում ՀՀ դեսպանը՝ Բաքվում հակահայկական երթին ռուս խորհրդարանականների մասնակցության մասին

ՌԴ-ում ՀՀ դեսպանը՝ Բաքվում հակահայկական երթին ռուս խորհրդարանականների մասնակցության մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմը իր վրդովմունքն է հայտնում Բաքվում կայացած հակահայկական միջոցառմանը մի խումբ ռուս պատգամավորների մասնակցության կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Эхо Москвы ռադիոկայանի հետ զրույցում ասել է Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:

Վարդան Տողանյանը, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է հայկական կողմը վերաբերվում այն հանգամանքին, որ մի խումբ ռուս խորհրդարանականներ Բաքվում հակահայկական երթի են մասնակցել, ասել է.

«Մենք մեր վրդովմունքն ենք հայտնում ռուս խորհրդարանականների՝ Բաքվում կայացած երթին մասնակցելու կապակցությամբ, որն ակնհայտ հակահայկական բնույթ ունի և օգտագործվում է տարածաշրջանում վստահության խաթարման նպատակով: Մեզ բոլորովին հասկանալի չեն խորհրդարանականների դրդապատճառները՝ ինչի՞ն են նրանք համերաշխություն հայտնում և ի՞նչ «առաքելությամբ» են մասնակցում նման ակցիաների, որոնք առանձին պետության իշխանությունների քարոզչական արշավի մաս են կազմում: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մենք միտված ենք բարեկամության կամուրջների, անկեղծ և դաշնակցային հարաբերությունների կառուցմանը և հույս ունենք, որ մեր ռուս գործընկերները համապատասխան գնահատական կտան լավ կազմակերպված հակահայկական շարժմանը խորհրդարանականների մասնակցությանը, որի նպատակն է թյուրըմբռնման և անվստահության սերմանումը»,-ասել է դեսպան Տողանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում