Ուորլիք. ԼՂ հարցի կարգավորման սկզբունքները՝ «Լավրովի ծրագիր» կոչվող փաստաթղթում են

Ուորլիք. ԼՂ հարցի կարգավորման սկզբունքները՝ «Լավրովի ծրագիր» կոչվող փաստաթղթում են

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, Panorama.am: Ստեղծված նոր իրավիճակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր հնարավորություններ են բացվում, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան նախկին համանախագահ, ներկայումս ռուսաստանյան իրավաբանական ընկերության աշխատակից դեսպան Ջեյմս Ուորլիքը։

«Կարծես թե, նախագահ Ալիևն ընդունում է, որ նոր հնարավորություններ են բացվել: Հավատացած եմ, այս պայմաններում համանախագահներն աշխատում են երկու պետությունների ղեկավարների միջև պաշտոնական գագաթաժողով կազմակերպելու ուղղությամբ»,-ասել է Ուորլիքը։

Պաշտոնաթող դեսպան Ուորլիքը, ով այժմ Վաշինգտոնում ներկայացնում է Վլադիմիր Պուտինի համակուրսեցու և ընկերոջ՝ Նիկոլայ Եգորովի կողմից հիմնադրված «Եգորով, Պուգինսկի, Աֆանասյեվ և գործընկերներ» ռուսական խոշորագույն իրավաբանական ընկերությունը, ընդգծում է, որ չի կիսում այն կարծիքը, թե Մոսկվան հետաքրքրված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ։

«Երեք տարի համանախագահ աշխատելով ես դրա որևէ ապացույց չեմ տեսել: Ընդհակառակը, աշխատել եմ Ռուսաստանի կառավարության հետ, տեսել եմ նրանց հետաքրքրությունը կարգավորման գործում: Եվ ասեմ, որ դա տրամաբանական է. Ռուսաստանն ունի բազմաթիվ այլ խնդիրներ աշխարհում և չէր ցանկանա, որ իր սահմաններին, իր ավանդական բարեկամներ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը սրվեր»,-ասել է Ուորլիքը։

Հիշեցնենք, ավելի վաղ Մինսկի Խմբում ԱՄՆ-ի նախկին այլ ներկայացուցիչ, պաշտոնաթող դեսպան Ռիչարդ Հոգլանդն ասել էր, որ Ռուսաստանում կան շրջանակներ, որոնք հետաքրքրված չեն ղարաբաղյան խնդրի լիարժեք կարգավորման մեջ, քանի որ դրա արդյունքում Կրեմլը կզրկվի Երևանի և Բաքվի վրա ազդեցություն գործադրելու կարևոր լծակից:

Դեսպան Ջեյմս Ուորլիքի խոսքով, ժամանակի ընթացքում ղարաբաղյան հակամարտությունը ոչ թե սառում է այլ դառնում է ավելի վտանգավոր: Ուստի, անհրաժեշտ է այն կարգավորել և, իր իսկ խոսքերով, օր առաջ ազատվել երկրների ապագան մշուշում թողնող ամպերից։

«Իսկ ձե՞ր կարծիքով, հայերի ևս մեկ սերունդ ցանկանում է ապրել այս ամպի տակ: Անշուշտ՝ ոչ: Նույնը վերաբերում է ադրբեջանցիներին՝ արդյոք կարծո՞ւմ եք Ադրբեջանի ժողովուրդը ցանկանում է այս խնդիրը փոխանցել հաջորդ սերունդներին: Անշուշտ՝ ոչ»,-ասում է նախկին համանախագահ Ուորլիքը։

Հակամարտության կարգավորման սկզբունքները Ջեյմս Ուորլիքի խոսքով հիմնականում անփոփոխ են և լավ հայտնի: Այժմ դրանք ընդգրկված են «Լավրովի ծրագիր» կոչվող հայտնի փաստաթղթում, որը, սակայն, դեսպան Ուորլիքը նախընտրում է չանվանել Սերգեյ Լավրովի անունով։

«Այդ սկզբունքները պետական գաղտնիք չեն: Կարգավորման ուրվագծերը քննարկվել են տարիներ շարունակ և կողմերից պահանջվում են համարձակ քայլեր՝ առաջ շարժվելու համար»,-ասում է Ջեյմս Ուորլիքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում