Արցախի ԱԳՆ-ն բարձր է գնահատում ՌԴ Դաշնության խորհրդում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը

Արցախի ԱԳՆ-ն բարձր է գնահատում ՌԴ Դաշնության խորհրդում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՄԱՐՏԻ, Times.am: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գոհունակություն է հայտնել ՌԴ Դաշնության խորհրդում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ելույթի կապակցությամբ և սատարում ղարաբաղյան կարգավորման խնդրի շուրջ նրա կողմից արտահայտված դիրքորոշմանը։

Մեկնաբանելով ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը Ռուսաստանի Դաշնության խորհրդում՝ Արցախի ԱԳՆ-ից հայտնել են. ««Չափազանց կարևորում ենք այն, որ ռուսական խորհրդարանի վերին պալատի ամբիոնից ևս մեկ անգամ հաստատվել է Երևանի հավատարմությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի և սկզբունքների հիման վրա, ինչպես նաև հնչեցվել են մտահոգություններ Ադրբեջանի ապակառուցողական քայլերի կապակցությամբ, որոնք խաթարում են խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում»:

Հատուկ գնահատականի է արժանի Արարատ Միրզոյանի այն նկատառումը, որ ռուսաստանյան քաղաքական գործիչների մասնակցությունն Ադրբեջանի հակահայկական քարոզչական գործողություններին անընդունելի է, քանի որ դրանք միանշանակորեն միտված են ռուս և հայ ժողովուրդների բազմադարյա եղբայրական հարաբերությունների խաթարմանը։ Հայաստանի ղեկավարության այդ դիրքորոշումը լիովին համապատասխանում է Արցախի Հանրապետության իշխանությունների մոտեցումներին։

ԱՀ իշխանությունների համար կարևոր առաջնահերթություններ են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը զուտ քաղաքական-դիվանագիտական մեթոդներով, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների պահպանումն ու խորացումը, որոնց բաղադրիչ մասն են կազմում Արցախի և Ռուսաստանի՝ ժամանակի փորձությունն անցած ավանդական բարեկամական կապերը»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում