«Այս ամենը տեղի չէր ունենա, եթե…». Արմեն Աշոտյանն անդրադարձել է Նարեկ Մալյանի վրա հարձակմանը

«Այս ամենը տեղի չէր ունենա, եթե…». Արմեն Աշոտյանն անդրադարձել է Նարեկ Մալյանի վրա հարձակմանը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, News.am: Հասարակական գործիչ Նարեկ Մալյանի վրա հարձակումը Հայաստանում ստեղծված իրավիճակի աղաղակող դրսեւորումներից մեկն է, որի ամբողջական պատասխանատվությունը կրում է գործող իշխանությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով երեկ Նարեկ Մալյանի վրա կատարված հարձակմանը։

Նա համոված է՝ երկրում ստեղծվել է «անպատասխանատվության, անպատժելիության մթնոլորտ, որը երկար ամիսների պատմություն ունի գործող իշխանությունների պատասխանատվության ներքո»։

«Այս դեպքը տեղի չէր ունենա, եթե երկրում հաստատվեր հանդուրժողականության կամ ինչպես գործող իշխանություններն են ասում՝ սիրո եւ ահդուրժողականության մթնոլորտ։ Այս ամենը տեղի չէր ունենա, եթե Մարալիկում տեղի ունեցած միջադեպը ոստիկանությունը չկոծկեր։ Այդ ամենը տեղի չէր ունենա, եթե ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակ ներխուժելու փաստը դառնար իրավապահ մարմինների ուշադրության առարկա։ Այս ամենը տեղի չէր ունենա, եթե կառավարությունը չհրահրեր ԵՊՀ–ի շուրջ այն գործընթացները, որոնց ականատեսը մենք պարբերաբար լինում ենք»,–հավելեց Արմեն Աշոտյանը։

Հիշեցնենք, որ երեկ կեսգիշերին մոտ հասարակական գործիչ Նարեկ Մալյանի տան մոտ հարձակվել են նրա վրա։ Ըստ նրա՝ մոտ 10 հոգով փորձել են իրեն քաշքշել, ճանկռել, ինքն էլ մի երկու ապտակ է հասցրել նրանց: Խումբը գլխավորել է «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը: Այնուհետեւ միջամտել են ոստիկանները եւ նրանց բերման ենթարկել Կենտրոնի բաժին:

Ավելի ուշ «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը Facebook-ի իր եթերում խոստովանել է, որ Նարեկ Մալյանի վրա հարձակվողներն իրենք են եղել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում