Նարեկ Մալյանի հետ կապված միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ խուլիգանության հատկանիշներով. ոստիկանություն

Նարեկ Մալյանի հետ կապված միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ խուլիգանության հատկանիշներով. ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, Tert.amՆարեկ Մալյանի հետ կապված միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ: Tert. am-ի հարցին, թե ի՞նչ փուլում է նյութերի նախապատրաստումը, ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց. «Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով»:

Ոստիկանությունից հայտնեցին, որ կատարվում է նախաքննություն:

Նշենք, որ ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը սահմանում է՝ խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից:

Հիշեցնենք, որ երեկ հասարակական գործիչ Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ կեսգիշերին մոտ, մոտ 10 հոգով մոտեցել և փորձել են քաշքշել ու ճանկռել իրեն, իսկ մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանություն:

Նարեկ Մալյանը հայտնել է նաև, որ իր հետ ամեն ինչ կարգին է, իսկ միջադեպի մյուս մասնակիցները խուլիգանության համար այժմ գտնվում են Կենտրոնի ոստիկանության բաժնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում