Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել գրող, կինոդրամատուրգ Կիմ Բակշիի ընտանիքին

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել գրող, կինոդրամատուրգ Կիմ Բակշիի ընտանիքին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին ցավակցական հեռագիր է հղել գրող, կինոդրամատուրգ Կիմ Բակշիի ընտանիքին:

Հեռագրում ասված է.

«Արցախում խոր ցավով տեղեկացանք հայտնի գրող եւ կինոդրամատուրգ Կիմ Նաումի Բակշիի մահվան մասին:

Կիմ Նաումի Բակշին մեծատառով մարդ էր, հայ ժողովրդի անկեղծ բարեկամը, նրա մշակույթի եւ պատմության մեծ երկրպագուն, ով շատ բան է արել ռուս-հայկական եղբայրական հարաբերությունների զարգացման ու խորացման ուղղությամբ:

Կիմ Բակշին հատուկ վերաբերմունք ուներ Արցախի նկատմամբ, որի հետ նա կապված էր բարեկամության ու հարգանքի խոր զգացումներով: Նա Արցախի պատմության եւ մշակույթի վերաբերյալ մի շարք արժեքավոր աշխատությունների հեղինակ է, ակտիվ աշխատանք էր տանում մեր երկիրն աշխարհի տարբեր անկյուններում ներկայացնելու ուղղությամբ:

Արցախի Հանրապետությունը բարձր է գնահատել Կիմ Բակշիի գործունեությունը՝ նրան պարգեւատրելով «Երախտագիտություն» մեդալով:

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Կիմ Նաումիի բոլոր հարազատներին ու մերձավորներին ծանր կորստի կապակցությամբ:

Այս ազնիվ եւ արժանապատիվ մարդու պայծառ հիշատակը, ով վայելում էր բոլոր նրանց հարգանքն ու սերը, ում հետ շփվել ու աշխատել է, հավերժ կմնա մեր սրտերում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում