Թրամփը «շատ է զգալու» Քլինթոնի պակասը նախագահի ընտրություններում

Թրամփը «շատ է զգալու» Քլինթոնի պակասը նախագահի ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ զգալու է Հիլարի Քլինթոնի պակասը 2020 թվականի նախագահական ընտրություններում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Քլինթոնը հավաստեց, որ 2020 թվականին չի առաջադրվելու նախագահի թեկնածու, հրաժարվում է երրորդ անգամ Սպիտակ տան համար պայքարելուց: Ափսոս, մի՞թե դա նշանակում է, որ ինձ վիճակված չէ վերստին մրցակցել նրա հետ: Ես նրա պակասը շատ եմ զգալու»,- գրել է Թրամփը Twitter-ում: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ մտադիր չէ Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու առաջադրվել 2020 թվականի ընտրություններում: «Ես չեմ առաջադրվելու, բայց կշարունակեմ աշխատել, ե՛ւ խոսել, ե՛ւ պաշտպանել իմ համոզմունքները»,– ասել է Քլինթոնը News 12 հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նա նաեւ հայտնել է, որ չի պլանավորում իր թեկնածությունն առաջադրել Նյու Յորքի նահանգապետի կամ քաղաքագլխի պաշտոնի համար: Քլինթոնի խոսքով՝ ինքն «օգնում է իր կուսակցությանը, ինչպես նաեւ վայելում է գրողի, ակտիվիստի ու տատիկի կյանքը»: 2018 թվականի հոկտեմբերին Քլինթոնը չէր բացառում, որ 2020 թվականին վերստին կառաջադրվի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար: Նա նաեւ հավելել է, որ «պատրաստվում է ուժերի ներածին չափ ամեն ինչ անել, որպեսզի 2021 թվականին դեմոկրատ գա Սպիտակ տուն»,– հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում