Թուրքիայում հայկական Օշկվանքը վերանորոգվում է որպես վրացական եկեղեցի

Թուրքիայում հայկական Օշկվանքը վերանորոգվում է որպես վրացական եկեղեցի

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, Ermenihaber.am: Թուրքական իշխանությունները վերանորոգում են ներկայում Էրզրումի նահանգի Ուզունդերե շրջանում (պատմ. Տայքի Ազդորաց փոր գավառ) գտնվող հայ քաղքեդոնական Օշկվանքը: Այժմ Չամլըյամաչ կոչվող, իսկ նախկինում հայկական Օշկ գյուղում գտնվող վանական համալիրի եկեղեցին վերանորոգվում է որպես վրաց քաղքեդոնական եկեղեցի: Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։

Համալիր այցելած Էրզրումի նահանգապետ Օքայ Մեմիսը լրագրողների հետ անցկացրած ճեպազրույցի ժամանակ նույնպես եկեղեցին անվանել է վրացական ժառանգություն, ինչպես որ արդեն տարիներ շարունակ վրացիների ակտիվ «ջանքերով» դա անում են այլ թուրք պաշտոնյաներ ու մշակույթի ոլորտի պատասխանատուներ:

Էրզրումի նահանգապետը նշել է, որ շուտով վերանորոգելու են եկեղեցին (աշխատանքներն արդեն սկսվել են) և զբոսաշրջության կենտրոն են դարձնելու:

«Այստեղից լուրջ եկամուտներ կարելի է ստանալ և աշխատատեղեր ստեղծել: Այս տեղ ծախսված փողերը չեն կորչի, քանի որ սա հիասքանչ հուշարձան է: Օշկվանքում հատուկ աշխատանքներ ենք իրականացնելու և սա դարձնելու ենք տուրիստական կարևոր վայր»,– ասել է Մեմիսը:

Տեղեկացնենք, որ Օշկվանքը հայ-քաղկեդոնական վանական համալիր է եղել պատմական Տայքի նահանգում։ Հիմնական եկեղեցին կառուցվել է 963-973 թթ և նվիրված է Սբ. Հովհաննես Մկրտիչին: Ընդգրկում է եկեղեցին, սեղանատունը և մատենագրության վայրը։ Եկեղեցին տարածաշրջանի ամենամեծ խաչաձև գմբեթավոր եկեղեցին է, որն իր նշանակությունը պահպանել է մինչև 15–րդ դարի վերջը։

Կառուցվել է Տայքի Բագրատ և Դավիթ կյուարպաղատների կողմից 963-973 թթ.։ Ատրպետի վկայությամբ Օշկվանքը Տայքի 7 հրաշալիքներից մեկն է և ամենանշանավորը։ Եկեղեցու կառուցման աշխատանքները ղեկավարել է Գրիգոր Օշկեցին, որին օգնել են Միքայելը և Հովնանը։ Եկեղեցու գմբեթն ունի 40 մ բարձրություն։ Եկեղեցին ունի 40 մ երկարություն և 34 մ լայնություն։

Այս հուշարձանը միշտ անվանվել է Օշկվանք կամ Էօշքվանք։ Եկեղեցու կառուցման ժամանակ գյուղի բնակիչները եղել են հայեր, դրա համար էլ հուշարձանի անվանման բաղկացուցիչ մաս դարձավ «վանքը»։

1985թ. Թուրքիայի մշակույթի նախարարությունն ընդգրկեց համալիրը երկրի ազգային ժառանգության ցուցակում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում