Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացնելու հարցի վերաբերյալ դատական նիստը

Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացնելու հարցի վերաբերյալ դատական նիստը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարանում մարտի 13-ին քննվում էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատական նիստը հետաձգվել է մինչև մարտի 14-ը՝ ժամը 10:00-ն:

«Նիստի ժամանակ ՀՔԾ քննիչը ներկայացրեց իր միջնորդությունը՝ կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ, ինչից հետո դատախազները արտահայտեցին իրենց դիրքորոշումները: Միջնորդության վերաբերյալ մի քանի ոչ պարզ հարց կար, որի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ»,- ասաց Ալումյանը:

ՀՔԾ միջնորդության դեմ պաշտպանական խմբի առարկությունները կներկայացվեն մարտի 14-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:

Փաստաբանը շեշտեց, որ ՀՀ երկրորդ նախագահը չի մասնակցել այսօրվա նիստին, քանի որ նպատակահարմար չի համարել, իսկ վաղվա վերաբերյալ դեռ տեղյակ չեն:

Հարցին, արդյոք Վճռաբեկ դատարան ներկայացրած բողոքների վերաբերյալ նորություններ կա՞ն, Ալումյանը նշեց, որ երկու բողոք կա, բայց դեռևս ոչ մի նորություն չկա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում