Զինծառայողի սպանության համար քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել նրա ծառայակցին

Զինծառայողի սպանության համար քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել նրա ծառայակցին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, Times.am: N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում 2019թ. մարտի 12-ին՝ ժամը 06.50-ի սահմանում ծառայակցի կողմից արձակված կրակոցի հետևանքով ձախ վերին վերջույթի ու կրծքավանդակի շրջաններում հրազենային միջանցիկ մահացու վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արտակի Կարապետյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, որի շրջանակներում իրականացված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի` էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում